Ավարտվել է «Մասրիկ-1» ծրագրի ներդրողների մրցույթը, որի կանոնների համաձայն՝ այն ընկերությունը կամ կոնսորցիումը, ով կառաջարկեր ամենացածր սակագինը, իրավունք կստանար իրականացնել «Մասրիկ-1» 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը:
Մրցույթի արդյունքներով ամենացածր սակագինը ներկայացրել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը:
Ինչպես «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարված գրառմամբ տեղեկացնում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, առաջարկված սակագինն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ-ի (20.11 դրամ): «Համեմատության համար, ներկայումս Հայաստանում գործող բնական ջրահոսքերի վրա փոքր հիդրոկայանների համար սակագինը 23.8 դրամ է: Այս սակագինը աննախադեպ է աշխարհում նման համեմատաբար փոքր հզորության միջազգային մրցույթների համար։ Սա վկայում է ներդրողների մոտ մեր էներգետիկ համակարգի և մեր կողմից վարվող ներդրումային քաղաքականության նկատմամբ բարձր վստահության մասին։ Այս ծրագիրը նաև օրինակելի և նախադեպը չունեցող ծրագիր է՝ պետական֊ մասնավոր համագործակցության համատեքստում։ Կոտրելով բոլոր կարծրատիպերը՝ այս մրցույթը նոր և չափազանց կարևոր հեռանկարային փուլ է բացում դեպի անվտանգ և անկախ էներգետիկ համակարգ»,- նշում է վարչապետ Կարապետյանը։