«Կրակում են, բայց մենք մեր տները չենք լքել ու չենք լքի». սահմանամերձ գյուղի առօրյան. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Կրակում են, բայց մենք մեր տները չենք լքել ու չենք լքի». սահմանամերձ գյուղի առօրյան. armeniasputnik.am

Ադրբեջանական մարտական դիրքերին շատ մոտ գտնվող Բաղանիս գյուղը պարբերաբար ենթարկվում է գնդակոծության խոշոր տրամաչափի գնդացիրներից։

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչներն իրենց փորձով գիտեն ղարաբաղյան հակամարտության մասին։ Գյուղը գտնվում է ադրբեջանական մարտական դիրքերի անմիջական հարևանությամբ, և բնակիչների տները պարբերաբար ենթարկվում են գնդակոծության խոշոր տրամաչափի գնդացիրներից։ Սակայն, ինչպես հավաստիացրեց գյուղապետ Նարեկ Սահակյանը, մարդիկ չեն պատրաստվում լքել իրենց տները։

«Գյուղական դպրոցից մինչև մոտակա ադրբեջանական դիրքի հեռավորությունը կազմում է մոտ 800 մետր։ Գնդակոծության վտանգ գոյություն ունի ցանկացած պահի, բայց մարդիկ արդեն վարժվել են»,- այսօր ասուլիսի ընթացքում ասաց Սահակյանը։

Իրավիճակը հատկապես սրվել է 2014թ-ից։ Դրանից հետո ադրբեջանական առաջավոր ստորաբաժանումները պարբերաբար գնդակոծել են գյուղի դպրոցն ու մանկապարտեզը, բնակիչների տներն ու մեքենաները։ Ընթացիկ տարում իրավիճակը համեմատաբար հանգիստ է. երեք ամսում գրանցվել է գնդակոծության մեկ-երկու դեպք։

Գյուղապետը նշեց, որ 2016թ-ի ապրիլին`քառօրյա պատերազմի ժամանակ, գյուղի բնակիչները կամավորական գումարտակ են ձևավորել, որն ավելի քան 40 օր հայոց բանակի հետ միասին պաշտպանել է Ադրբեջանի հետ սահմանի` նրանց վստահված հատվածը։ Հետաքրքիր է, որ ապրիլյան թեժացման օրերին ադրբեջանական կողմը գրեթե չի կրակել Բաղանիսի ուղղությամբ։

«Հավանաբար, Բաքվում այդ ժամանակ չեն համարձակվել պատերազմել երկու ճակատով և թեժացումը տեղափոխել հայ–ադրբեջանական սահման»,- ասաց Սահակյանը։

Այս տարիների ընթացքում բնակիչները, բանակային ստորաբաժանումների հետ միասին, ինժեներական մեծածավալ աշխատանք են կատարել` ադրբեջանական գնդակոծություններից մարդկանց պաշտպանելու նպատակով։ Սահակյանի խոսքով` մարդիկ չեն շտապում լքել գյուղը` ասելով, որ «Ֆրանսիայում կամ Ռուսաստանում ավելի անվտանգ չէ»։

Բաղանիսի բնակչությունը ներկա պահին կազմում է 830 մարդ, տնտեսությունների թիվը` 262։ Նարեկ Սահակյանի խոսքով` այս տարի ոչ մի գյուղացի չի լքել գյուղը։ Իսկ անցած տարի գյուղը լքել է միայն մեկ ընտանիք։ Այս պահին մանկապարտեզ է հաճախում 18 երեխա, իսկ դպրոցն ունի 100 աշակերտ։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am