ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի վիճակը բժիշկների կողմից այլևս չի գնահատվում որպես օրհասական. նա արագորեն ապաքինվում է: Այդ մասին հաղորդվում է Անգլիայի Առողջապահության ազգային ծառայության կայքում:
«Նա լավ է արձագանքում բուժմանը, արագորեն ապաքինվում է և այլևս օրհասական վիճակում չէ»,-ասված Է բժիշկների հաղորդագրության մեջ: Մարտի 4-ին ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը անգիտակից վիճակում հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում:
Մեծ Բրիտանիան հայտարարում է, որ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ անմիջական կապ ունի Ռուսաստանը: Ռուսաստանը իր հերթին կտրականապես հերքում է այդ մեղադրանքները: Օրերս Մեծ Բրիտանիան մերժել է միջադեպի համատեղ հետաքննություն անցկացնելու Ռուսաստանի առաջարկը: Լոնդոնը Ռուսաստանին հասանելիություն չի տրամադրում Սերգեյ Սկրիպալին և նրա աղջկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: