Հայ մայրերն անմնացորդ են նվիրվում իրենց երեխաներին. Գոհար Հարությունյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Հայ մայրերն անմնացորդ են նվիրվում իրենց երեխաներին. Գոհար Հարությունյան. life.panorama.am

Life.panorama.am-ը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ զրուցել է «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր գեղեցկուհի, հինգ երեխաների մայր Գոհար Հարությունյանի հետ:

Մեզ հետ զրույցում գեղեցկուհին առաջինն իր շնորհավորանքը հղեց բոլոր մայրերին.

«Շնորհավորում եմ իմ և բոլոր հայ մայրիկներին: Ազգային առանձնահատկություն է մեր մայրերի վերաբերմունքն իրենց ընտանիքին և երեխաներին: Հայ մայրերն անմնացորդ են նվիրվում իրենց երեխաներին, ընդ որում, այդ վերաբերմունքը տևում է ոչ թե մինչև երեխաների չափահաս դառնալը, այլ՝ ցմահ: Մեր մայրերն իրենց պարտավորված են զգում երեխաների նկատմամբ՝ անկախ նրանից երեխան արդեն 50 տարեկան է, թե անգամ ավելի մեծ: Հայ մայրերն ամեն տարիքում պատրաստ են հոգ տանել իրենց երեխաների համար, սիրեն, փայփայեն: Հենց դրանով էլ մենք յուրահատուկ ենք, որը պետք է գնահատել և շարունակել ավանդույթները: Հայ մայրերն իրենց օրինակով նույնը պետք է փոխանցեն իրենց երեխաներին, որքան էլ երիտասարդները ձգտում են լինել ժամանակակից և եվրոպականացված: Ես իսկապես մեծ հույս ունեմ, որ հայ մոր տեսակը միշտ կպահպանվի»,- նշեց Գոհարն ու ընդգծեց.

«Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել մեր զինվորների մայրերին, քանի որ իրենք ամենադժվար իրավիճակում են: Վստահ եմ, որ այսօր նրանց համար շատ դժվար է հեռու լինել իրենց զավակներից, դրա համար բոլորս պետք է շնորհակալ լինենք նրանց և առաջինը նրանց շնորհավորենք»:

Գոհարը հինգ երեխաների մայր է, իսկ այսօր հազվադեպ կարելի է հանդիպել մայրերի, ովքեր պատրաստ են մեծացնել երկուսից ավելի երեխաների: Գեղեցկուհին վստահ է՝ մեծ թվով մայրեր տարիներ հետո զղջում են, որ քիչ երեխաներ են ունեցել:

«Կարծում եմ՝ խնդիրը կայանում է նրանում, որ հայ մայրերն այանքան են սիրում իրենց երեխաներին, որ շատ դժվարությամբ են մեծացնում նրանց: Հայ մայրերն անընդհատ անհանգստացած են, որ հանկարծ երեխան չընկնի, սոված չմնա, լաց չլինի, հետո մտածում են, թե ինչպես պետք է բանակ գնա, ինչպես ամուսնացնի և այսպես շարունակ: Սա է պատճառը, որ մեկին, երկուսին ունենալուց հետո ծնողները հրաժարվում են կրկին երեխա ունենալ, նրանք ուզում են իրենց երեխաներին ոչ թե մինիմալը, այլ մաքսիմալը ապահովեն, ուստի մտածում են, որ երկուսից ավել երեխայի համար նրանք չեն հասցնի աշխատել: Բայց, կարծում եմ, պետք է մտածել երրորդին, չորրորդին կյանք տալու մասին՝ հուսալով, որ տվյալ երեխայի համար ճակատագիրը ավելի լավ կյանք է պատրաստել: Ծնողները պետք է մտածեն, որ եթե անգամ չկարողանան ամեն ինչով ապահովել իրենց երեխային, գուցե նա ինքնուրույն հասնի բարձրունքների: Պետք է ազատվել այդ վախից և շատ երեխաներ ունենալ»,- հավելեց նա:

Գոհար Հարությունյանի խոսքով՝ երջանիկ լինելու համար գլխավորը պահն ու վայրկյանը գնահատելն է.

«Անշուշտ, ինձ համար երջանիկ լինելու առաջին նախապայմանն այնն է, որ ընտանիքս, ինչպես նաև մայրս ու քույրս առողջ լինեն, քանի որ ես շատ ցավագին եմ տանում ամեն մի թեթև հիվանդություն անգամ: Իսկ դրանից զատ, ընտանիքի գրկում լինելն  ինձ համար լիակատար երջանկություն է, երբ բոլորը ժպտում են: Ուրախ եմ, որ ես իմ կյանքում նման երջանիկ պահեր որսացել եմ: Իսկ ամենակարևորն այնն է, որ կարողանաս գնահատել ու հասկանալ, որ դա հենց այն ակնթարն է, որի համար մարդիկ ապրում են, որին շատերը երկար են սպասել»,- ավարտեց գեղեցկուհին:

life.panorama.am