Իր արտասովոր ճարտարապետական կառույցներով հռչակված Շանհայը մոտ ժամանակներս կկարողանա պարծենալ ևս մեկ շինությամբ, որի նախատիպ է դարձել Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Շամիրամի կախովի այգիները: Ինչպես ապրիլի 11-ին գրել է «Շանհայ ժիբաո» թերթը, շենքի ընդհանուր հիմնակմախքի շինարարությունը, որտեղ կտեղավորվի արտասովոր առևտրական կենտրոնը, արդեն ավարտված է:
Կառույցը, որն ստացել է «Հազար ծառ» անվանումը, հանրության համար պլանավորում են մասնակիորեն բացել 2019 թվականին: Համալիրի ներսում, բացի առևտրական կետերից և խանութներից, կտեղավորվեն ռեստորաններ, թանգարաններ, գեղարվեստական պատկերասրահներ, ասված է նախագծի գործարկու ընկերության՝ Tian An China Investments-ի հայտարարության մեջ: Այս համալիրի շահագործման հանձնելուն անհամբերությամբ են սպասում տեղացի բնակիչները և լրագրողները, որոնք տպավորված են Համացանցում զետեղված՝ նախագծի պատկերներով: Արտաքուստ կառույցն իրոք կհիշեցնի լեգենդար Կախովի այգիները:
Աշխարհի այդ հրաշքի շանհայական տարբերակը կառուցվում է քաղաքի հին մասում՝ Սուչժոու գետի առափնյակում: Տարբեր բուսականությամբ շուրջ հազար պաշտգամբներն ինչպես շինության արտաքին կողմից, այնպես էլ համալիրի ներսից կստեղծեն կանաչի մեջ թաղված սյունազարդ պալատի տպավորություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: