Դերասանուհի Լիդիա Օռլովան հայտնի դարձավ «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից: Թեև մինչ այդ նա տարբեր նախագծերում փոքրիկ մասնակցություն ունեցել է, սակայն սա դերասանուհու համար դեբյուտային կերպար էր, որը նրան տվեց ճանաչում ու սեր: Life.panorama.am-ի հետ զրույցում Լիդիան պատմել է սերիալային և թատրոնային աշխատանքի, ինչպես նաև խոսել առաջին սխալների և դրանք շտկելու հարցում ընկերների օգնության մասին:
«Ես սովորում էի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վերջին կուրսում և հենց այդ շրջանում «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի ռեժիսորը տեսել էր լուսանկարներս ու հավանել տվյալ կերպարի համար: Հանդիպելուց ու խոսելուց հետո ստացա Ջենիի կերպարի առաջարկն ու սիրով համաձայնեցի»,- հեռուստաէկրաններ իր մուտքի մասին խոսելիս՝ պատմեց Լիդիան:
Դերասանուհու խոսքով՝ առաջին քայլերը հեշտ չի եղել, բայց թե իր հավասարակշռության, թե խաղընկերների օգնության շնորհիվ արագ է ինտեգրվել այս աշխատանքին:
«Գլուխ գովել չեմ սիրում, բայց ի ուրախություն ինձ, շատ սխալներ չեմ ունեցել, սակայն համարձակություն ձեռք բերելուս հարցում ինձ շատ են օգնել խաղընկերներս, որոնք ստոպ-կադրերի ժամանակ չեն հեգնել, չեն ծիծաղել, ավելորդ կատակներ չեն արել: Անշուշտ սկզբում դժվար էր, ժամանակ էր պետք, որպեսզի կարողանայի հարմարվել տեսախցիկի հետ աշխատանքին, կերպարս ընկալեի: Սակայն ուրախ եմ, որ կարճ ժամանակ տևեց այդ ամենը»,- պատմեց նա:
Ամբողջությամբ՝ life.panorama.am