Մինչև հոգու խորքը ներթափանցող ձայն, ինքնատիպ երգեցողություն, ինքնակատարելագործվելու նախանձելի ձգտում: Լեգենդար Միշել Լեգրանը նրան անվանել է «հիասքանչ ադամանդ»: Երգչուհի Թամարա Գվերդծիթելին ծնվել ու մեծացել է Վրաստանում, նվաճել Փարիզն ու հետո հաստատվել Մոսկվայում: Այստեղ էլ գլխապտույտ հաջողությունների է հասել: Այսօր Գվերդծիթելին սպասված ու սիրված արտիստ է ոչ միայն ետխորհրդային երկրներում, այլև ամենուր: Սիրված երգչուհին Հայաստան է վերադարձել մենահամերգով: Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստուհին «Արմենպրես»–ի հետ բացառիկ զրույցում խոսել է հայկական երգի նկատմամբ սիրո, Միշել Լեգրանի հետ համագործակցության, Մարգարեթ Թեթչերին սեփական հարսանիքին հյուրընկալելու և այլ հետաքրքիր հարցերի շուրջ:
Հայ-վրացական դարավոր կապեր
Թբիլիսիում մարդիկ հասկանում են, որ առկա է բազմադարյա կապեր հայերի ու վրացիների միջև: Իհարկե, մեր բոլորի ընկերների մեջ հայեր կան: Ինչ-որ մեկն ամուսնանում է, հայտնվում են հայկական արյուն ունեցող բարեկամներ: Մեր ամենաառաջին և ամենասիրելի հարևանները հայեր են: Մենք իրար վերաբերում ենք հարազատների պես:
Այս ամենը պետք է դիտարկել պատմական համատեքստում: Երկու ժողովուրդների միջև առկա են հինավուրց կապեր և փոխըմբռնում: Սա այն է, ինչը ոչ ոք իրավունք չունի ավերել: Մենք հարևաններ ենք, ապրում ենք կողք կողքի: Մեր միջև պետք է խաղաղություն տիրի, ամրապնդվեն մշակութային, առևտրական, դիվանագիտական կապերը…
Հրեական և վրացական արմատներն ու ազնվական ազգանունը
Գվերդծիթելի ազգանունը ձևավորվել է 16-րդ դարում: Իմ նախնին իսկական ռազմական գեներալ է եղել. հենց նրանից է սկսվում Գվերդծիթելի ազգանունը: Նա վիրավորվել է ռազմի դաշտում, կողքն արյունահոսում էր: Վրացական գրականության մեջ այն ամենը, ինչ կապված է հայրենիքի, կրոնի համար պայքարի հետ, հերոսական արարք է, և նման պատմությունները մշտապես փոխանցվում են սերունդներին: «Գվերդծիթելի» թարգմանաբար նշանակում է «կողքը՝ կարմիր (արյուն)»: Ահա թե ինչպես է ձևավորվել այս ազգանունը:
Իմ նախնիները հրաշալի մարդիկ են եղել, ես հպարտ եմ նրանցով:
Ուժեղ կինը
Մասնագիտության մեջ կարելի է լինել ուժեղ: Իսկական կինը, իհարկե, չի կարող շատ ուժեղ լինել: Մասնագիտության մեջ ուժը պետք է: Եվ դա երաժիշտի անփոխարինելի որակներից է: Ունենաս ուժ, որ նույնիսկ հանգստի փոխարեն նպատակադրված աշխատես՝ վարպետանալու համար. այստեղ է հենց երաժշտի, երգչի, անհատականության մեծ ուժը…
Մարգարեթ Թեթչերն ու Գվերդծիթելիի հարսանիքը
Թեթչերը պաշտոնական հրավերով Վրաստանում էր և պատահաբար հայտնվել էր մեր հարսանիքում: Բնականաբար, ո՞ր սովետական մարդը կարող էր Թեթչերին հրավիրել իր հարսանիքին: Ոչ մեկը: Մարգարեթ Թեթչերին ցույց էին տալիս Թբիլիսին: Նրան տեղեկացրին, որ շուտով մասնակցելու է ազգային ավանդույթներով հարուստ հարսանիքի: Վրաստանում հարսանիքները հիանալի են կազմակերպվում, պարերով, երգերով, 120 կենացով. թամադան օր ու գիշեր կարող է հարսանիք անցկացնել: Փոքր, բայց հպարտ երկրի երջանկությունը ցույց տալու համար նրանք Շևարդնաձեի հետ եկան մեր հարսանիքին:
Իհարկե, բոլորը զարմացած էին: Իսկական շոկ էր: Սովորական հարսանիք, և Թեթչեր. նա ևս չէր սպասում, զարմացած էր, երջանիկ: Նա և իրեն ուղեկցողները շնորհակալություն էին հայտնում, որ դարձել են մեր հարսանիքի մասնակիցները:
Ամբողջությամբ՝ armenpress.am