Հայ հայտնիներից ովքե՞ր կմասնակցեն այսօրվա հանրահավաքին. araratnews.am
Advertisement 1000 x 90

Հայ հայտնիներից ովքե՞ր կմասնակցեն այսօրվա հանրահավաքին. araratnews.am

«Իմ քայլը» ակցիայի մասնակիցները՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ազատության հրապարակում այսօր՝ ժամը 18:30-ին, հանրահավաք կանցկացնեն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության:

Aratatnews.am-ը արվեստի մի քանի հայտնի  գործիչներից հետաքրքրվեց՝  ինչպե՞ս են վերաբերվում Փաշինյանի պայքարին, կմասնակցե՞ն այսօրվա հանրահավաքին:

Դերասանուհի Լալա Մնացականյանն ասաց, որ նոր է վերադարձել Փարիզից, գործընթացներին խորությամբ տեղյակ չէ:

Երգիչ Վահագ Ռաշը ճիշտ  է համարում Փաշինյանի պայքարը: Ավելին՝ կմասնակցեր այսօրվա հանրահավաքին, եթե  Արթիկում չլիներ: «Կարծում եմ՝ ինչ-որ բան կփոխվի այս պայքարի շնորհիվ»:

Դերասան Արմեն Մարությանն էլ ասաց, որ  18:30-ին նկարահանման է, չի կարող մասնակցել հանրահավաքին, բայց Փաշինյանի պայքարն ու  պահանջը ճիշտ է համարում: «Փաշինյանն իմ դուրը գալիս է, լավ տղա է: Պահանջին էլ նորմալ  եմ վերաբերվում: Հերիք է, էլի, թող գան նոր երիտասարդներ: Կարո՞ղ է մենք բռնապետական երկիր ենք: Պիտի պայքարեն, «չէ» էլ ասեն: Ժողովրդավարությունը հենց դա է: Եթե ժողովուրդը հասկանա, թե ինչ է ժողովրդավարությունը, ավելի լավ կապրի»:

Հարցին, թե ի՛նչ սպասել իշխանությունից, Արմեն Մարությանն ասաց. «Տանկերը կհանեն, էլի կղեկավարեն»:

Երգիչ Արսեն Սաֆարյանն էլ  ասաց, որ նորմալ է համարում Փաշինյանի պայքարը, քանի որ արտահայտում են իրենց տեսակետը. «Կարծիք չեմ կարող հայտնել, քանի որ խորապես գործընթացներին ծանոթ չեմ: Դա նրանց դիրքորոշումն է: Չեմ պատկերացնում, թե պայքարով ինչպես պետք է հարցը լուծվի: Կողմ եմ ցանկացած պայքարի, որն օրենքի սահմանում է, քանի որ  կուշտ ենք կոնֆլիկտային իրավիճակներից»:

Ինչ վերաբերում է հանրահավաքին մասնակցելուն, ապա Արսեն Սաֆարյանը նախընտրում է իր գործով զբաղվել: Նրա խոսքով` ինքն իր բողոքն ու ձայնը իր երգերով է արտահայտում:

Դերասան, «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցության ղեկավար Սերգեյ Դանիելյանն էլ մեզ հետ զրույցում ասաց` կմասնակցի հանրահավաքին, քանի որ ընդդիմության պահանջն ու պայքարը ճիշտ են:

araratnews.am