ՀՀ առաջին տիկին Նունե Սարգսյանն իր առաջին այցը կատարեց Հայաստանի պատմության թանգարան: Նունե Սարգսյանը հենց պատմության թանգարան անդրանիկ այցը հիմնավորեց ողջ ազգի համար թանգարանի գոյության կարևորությամբ:
«Կարծում եմ, որ այս թանգարանի գոյությունը և պահպանումը շատ կարևոր է մեր ողջ ազգի համար: Պատմությունը մեր ազգի, ներկայի հիմքն է: Ցանկացա մեկ անգամ ևս զգալ այս հպարտությունը՝ տեսնելով մեր հնությունները: Հազարամյակներից թողածը իսկապես հոյակապ է»,-ասաց Հանրապետության առաջին տիկինն ու հավելեց, որ թանգարաններ իսկապես շատ է սիրում:
Նունե Սարգսյանը վերջին անգամ Հայաստանի պատմության թանգարան էր այցելել 2001-ին: Այդ այցից հիշեց՝ թանգարանի այդ ժամանակվա տնօրեն Անելկա Գրիգորյանի հետ առանձին նայել են յուրքանչյուր էքսպոզիցիա, զրուցել են երկար և ծրագրեր կազմել: Նկատեց՝իր վերջին այցից հետո շատ բան չի փոխվել: «Ես ուրախ եմ, որ թանգարանն ունի լավ տեսք, և մենք հպարտորեն կարող ենք մեր երկրի հյուրերին բերել այստեղ: Այցելությունը նոր երկիր սկսվում է պատմության իմացությունից: Եվ կարծում եմ՝ ամեն մի զբոսաշրջիկ Հայաստան իր այցը պետք է սկսի հենց այս թանգարանից»,-ասաց Առաջին տիկինը:
Նունե Սարգսյանը արվեստի և արհեստի սիրահար է: Ինչպես ինքն է ասում՝ ամեն ինչի մեջ փորձում է գտնել գեղեցիկը: «Եվ այն, ինչ արել են մեր արվեստագետները հնում, իսկապես հոյակապ է: Եթե Պիկասոն կենդանի լիներ, շատ պիտի նախանձեր իրենց»,-նշեց Նունե Սարգսյանը:
Մասնագիտությամբ լինելով արվեստագետ՝ Հայաստանի առաջին տիկինը դժվարացավ առանձնացնել արվեստի ամենասիրելի մեկ ճյուղ: «Ամեն ինչի մեջ ես տեսնում եմ բանականություն, պատճառ, հիմք և գեղեցկություն»,-նշեց նա:
Խոսելով նախագահին աջակցելու և իր անհատական ծրագրերի մասին՝ Նունե Սարգսյանն ասաց, որ դեռ նոր են սկսել աշխատանքը: «Դեռ պետք է քննարկենք բոլորը, և ես՝ որպես նախագահի կին, պետք է աջակցեմ նրան՝ ժպտալով, սիրելով ու օգնելով՝ ինչպես յուրաքանչյուր կին է անում: Անհատական ծրագրերը, իմ գործունեությունը դեռ ընթացքի մեջ են»,-ասաց Նունե Սարգսյանն ու խոստացավ՝ երբ ամեն ինչ պատրաստ կլինի, անպայման կխոսի նաև դրանց մասին: