Life.panorama.am-ի զրուցակիցն է երգահան Րաֆֆի Ալթունյանը, ով թեև վերջին շրաջանում հաճախ է երգում, բայց իրեն ավելի շատ երգահան, քան երգիչ է համարում: Րաֆֆին հաճախ է երգեր գրում հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների համար, իր խոսքով՝ դրանք համագործակցություն չի համարում, այլ պարզապես ընկերական աշխատանք, որի համար երկու կողմն էլ շահագրգռված են:
«Օրինակ՝ վերջին օրերին թողարկված Գևորգ Մարտիրոսյանի «Քաջ զինվոր» երգը շատ պատահական ստացվեց: Իրականում այն ինձ համար էի գրել, մտադրություն չունեի որևէ մեկին տալու, սակայն, երբ իմ տանը Գևորգն ու նրա պրոդյուսերը լսեցին ու խնդրեցին, որ Գևորգը կատարի, չկարողացա մերժել: Ինձ համար ընկերության գաղափարն իսկապես շատ կարևոր է: Ինչ վերաբերվում է երգին, պետք է շեշտեմ, որ զինվորական թեման ինձ համար շատ կարևոր է, ինքս ծառայել եմ Հայոց բանկում, եղել եմ պաշտոնական դիրքերում, դրա հետ կապված հիշողություններս շատ են, տպավորիչ երկու տարի եմ ունեցել: Ի դեպ՝ այս թեմայով առաջին երգը, որ գրել եմ Քրիստինե Պեպելյանի «Հայ զինվոր» երգն է: Ես շատ եմ գնահատում այն տղաներին, ովքեր ծառայելով բանակում՝ պաշտպանում են մեր բոլորի անդորրը»,- նշեց նա:
Առաջիկայում Րաֆֆին կաշխատի նաև Արսեն Սաֆարյանի, Հայկ Դուրգարյանի հետ, սակայն դրանց մասին երգահանը նախընտրեց դեռևս լռել: Շուտով Րաֆֆի Ալթունյանի հեղինակած նոր՝ «Մայրիկ» երգը կներկայացնի Արաբո Իսպիրյանը: Անչոկի հետ էլ ևս մեկ աշխատանք է սպասվում:
Նկատելի է, որ Րաֆֆին նկարահանվում է նաև իր հեղինակած երգերի տեսահոլովակներում: Հարցին՝ դա իր, թե տվյալ երգչի առաջարկն է, պատասխանեց.
«Իրականում ոչ իմ, և ոչ էլ տվյալ երգչի կողմից չի շահագրգռվածությունը, որ ես պարտադիր նկարահանվեմ: Պարզապես վերջին տեսահոլովակներում ստացվեց այնպես, որ ես էլ նկարահանվեցի, բայց չէ որ կան բազմաթիվ իմ հեղինակած երգերի տեսահոլովակներ, որոնցում ես չեմ երևում: Այնպես որ, դա ինքնանպատակ չէ»:
Հետաքրքրվելով, թե ինչու Րաֆֆին այժմ ավելի քիչ է երգում, նշեց.
«Հիմա ավելի շատ եմ կենտրոնացած երգեր գրելու, քան դրանք կատարելու վրա: Ժամանակ առ ժամանակ, իհարկե, նաև կերգեմ, բայց ես առաջին հերթին երգահան եմ: Այս պահին մի գեղեցիկ երգ ունեմ, այն ուզում եմ ինքս ներկայացնեմ»:
Ռոմանսների սիրահար երգահանը նկատեց, որ փորձում է ստեղծագործելիս հետևել նաև այսօրվա շուկայի պահանջներին, բայց նաև պահպանելով իր ձեռագիրը:
«Իհարկե, հետևում եմ ժամանակակից պահանջներին, բայց թուրքական երաժշտության սիրահար չեմ և երբեք այդ ոճում չեմ ստեղծագործում»,- ընդգծեց նա:
Հարցին, թե ինչն է նրա համար մուսա հանդիսանում, պատասխանեց.
«Ինձ համար կյանքն ինքնին մուսայի պատճառ է: Հատուկ ինչ-որ մեկն ու ինչ-որ բան չկա: Իմ պատկերացումները, երազանքները կարող են մուսայի պատճառ դառնալ: Երգ ստեղծող մարդը միշտ սիրահարված է և դա անմիջապես արտացոլվում է իր ստեղծագործություններում»:
Ի դեպ՝ Րաֆֆի Ալթունյանը վերջերս նկարահանվել է «Սահմանին» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում:
«Քանի որ տարիներ առաջ նկարահանվել եմ նաև «Քաղաքում» սերիալում, ստեղծագործական թիմի հետ վաղուց էի ծանոթ: «Սահմանին»,-ում նկարահանվելու առաջարկը ստանալուց հետո համաձայնեցի, բայց ընթացքում ինքս դուրս եկա, քանի որ հասկացա՝ ավելի լավ է անել մեկ բան, բայց ողջ ուժերդ կենտրոնացնել դրա վրա: Հիմա, երբ նայում եմ իմ մասնակցությամբ սերիաները, մտածում եմ՝ արդյոք ամեն ինչ ճիշտ եմ անում: Երևի պետք է այս կամ այն ոլորտում լինել լիարժեք, հակառակ դեպքում կողմերից մեկում կարող է թույլ լինես»,- ավարտեց մեր զրուցակիցը: