Սիրիայում քիմիական զենքի կիրառումը մարդու արարքներ չեն, այլ գազանի կողմից արված հանցագործություններ: Ամերիկյան ժողովրդին ուղղված իր ուղերձում նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ նախօրեին սիրիական իշխանությունները քիմիական զենք են կիրառել Դամասկոսի մոտակայքում գտնվող Դումա քաղաքում: Նա հիշեցրել է, որ նախորդ տարի Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման արդյունքում ԱՄՆ-ի կատարած 58 ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է սիրիական օդուժի շուրջ 20 տոկոսը:
«Մեր քայլերի նպատակը քիմիական զենքի արտադրության, տարածման և կիրառման դեմ հստակ զսպող մեխանիզմ սահմանելն է: Մենք պատրաստ ենք այս պատասխանը կայուն դարձնել մինչև սիրիական իշխանությունները դադարեցնեն արգելված քիմիական զենքերի կիրառումը»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Դիմելով Իրանին և Ռուսաստանին՝ Թրամփը հարց է տվել. «ո՞ր երկիրն է ուզում նման ընկերներ ունենալ»: Նա շեշտել է, որ քիմիական զենք կիրառումը վկայում է այն մասին, որ 2013թ-ին Ռուսաստանը ձախողել է Սիրիայում առկա քիմիական զենքի տարհանումն ու վերացումը:
Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 14-ի վաղ առավոտյան Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Դամասկոսից արևելք գտնվող Դումեյր օդանավակայանի վրա 12 հրթիռ է արձակվել, որոնք բոլորն էլ կործանվել են Սիրիայի հակաօդային պաշտպանական համակարգերի միջոցով: Հայտնի է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ժամանել է Դամասկոսում իր նստավայր:
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից հարվածների հասցնումը համաչափ է անվանել: Դանիան ևս հայտարարել է, որ սատարում է իր գործընկերների գործողություններին: