Սիրիայի քրիստոնյաների ձայնը. Euronews-ի ռեպորտաժը
Advertisement 1000 x 90

Սիրիայի քրիստոնյաների ձայնը. Euronews-ի ռեպորտաժը

Euronews հեռուստաընկերությունը Սիրիայի քրիստոնյաների մասին ռեպորտաժ է ներկայացրել: Euronews-ը ներկայացրել է, որ մինչև պատերազմը Սիրիան Մերձավոր Արևելքի քրիստոնյաների համար ապահով վայր էր, նրանք բնակչության 10 տոկոսն էին: Նախնական տվյալներով՝ 2011թ. ի վեր նրանցից յուրաքանչյուր երկրորդը ստիպված է եղել լքել երկիրը: ԻՊ-ի պարտությունից հետո նրանցից ոմանք վերադառնում են, սակայն դեռևս առկա է բազմաթիվ իսլամիստական խմբավորումների վտանգը, որոնք հրաժարվում են զենքը վայր դնել:

«Քրիստոնյաներն առաջինն են կրակի տակ հայտնվում հենց այն պատճառով, որ քրիստոնյա են: Կարելի է պատկերացնել, թե ինչ ճակատագիր է նրանց սպասվում ջիհադիստների հաղթանակի դեպքում: Մենք նման բան արդեն վերապրել ենք մեկ դար առաջ՝ 1915թ-ին, երբ Անատոլիայի քրիստոնյաները ոչնչացվում էին միայն նրա համար, որ քրիստոնյա են»,- հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Բելգիայի հայերի միության ներկայացուցիչ Կարեն Թադևոսյանը:

Euronews-ը նշում է, որ նման պայմաններում զարմանալի չէ, որ նրանցից շատերը քաղաքացիական պատերազմի ժամանակ կանգնեցին Սիրիայի կառավարության կողքին, այդ թվում՝ Պետրոս Պետրոսյանը, ով Հալեպից է, սակայն հիմա բնակվում է Բրյուսելում:

«Սիրիայի քրիստոնյաներն աջակցում են Սիրիայի պետականությանը, նրա միասնությանը և տարածքային ամբողջականությանը: Այսօր մենք մեր կառավարության հետ միասին վերականգնում ենք խաղաղությունը մեր հողում՝ հանուն Սիրիայի ժողովրդին»,- նշել է Պետրոս Պետրոսյանը:

Հեռուստաընկերությունը շեշտում է, որ դա չի նշանակում, որ նրանք դեմ են քաղաքական փոփոխություններին: Նրանք ուղղակի կարծում են, որ դրանց պետք է հասնել խաղաղ մեթոդներով:

«Իհարկե, Սիրիայի բնակչության մի մասը ձգտում էր փոփոխությունների, սակայն չէր ցանկանում պատերազմ, տասնյակ հազարավոր սպանվածներ ու միլիոնավոր փախստականներ, ներքին տեղահանվածներ, հրթիռակոծված քաղաքներ: Դա մեզ պարտադրվել է այլ տերությունների կողմից, ովքեր այդպես էլ իրենց ցանկացածին չեն հասել»,- ամփոփել է Կարեն Թադևոսյանը:



Նման նյութեր