SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ` ապրիլի 15–ին, ժամը 13։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանի հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 1 հասցեում գործող «Ուսանողի տուն» հանրակացարան, որտեղ թիվ 314 սենյակում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի։
Պարզվել է, որ տղան Գյումրի քաղաքում հաշվառված 19-ամյա Դավիթ Մ.-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան հանգամանքները պարզելու համար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տնտեսագիտական բաժնի 2-րդ կուրսում։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում տղայի մահվան փաստով։