Ոչ ոք չի բացում կեղևը, տեսնի՝ ի՞նչ կա։ Ոչ ոք չի մտնում ներս՝ հասկանա կորսվող ժամանակի ահավորությունը։ Քաղաքական հավակնոտությունը ջնջում է ամեն ինչ, քաղաքական վախկոտությունը դառնում է դասալքություն։ Դասալքություն՝ բառի ամենաճշգրիտ իմաստով. ոչ ոք չի ուզում գնալ այնտեղ, որտեղ չի եղել, ոչ ոք չի ուզում փորձել անկարելին։
Խաղաղության գնալը դարձել է պատերազմ գնալու պես ահավոր։ Պատերազմ գնացողը պատճառների դեմ էր դուրս գալիս, խաղաղության գնացողը հանդիպում է հետևանքին ու տեսնում թշնամանքի ամբողջ ֆիզիոլոգիան։
Հակամարտության գործող անձինք չեն կարող լուծել խաղաղության խնդիրը։ Նրանք հաղթության կամ պարտության գերիներնն են. հրամանատարի մտքով՝ «օն, անդր, հառաջ»… Մինչդեռ տարածությունն ու ժամանակը կան նաև աջ ու ձախ կողմերում, տարածությունն ու ժամանակը կան նաեւ թիկունքում, և դա զգալու համար պետք չէ աջ կամ ձախ թեքվել, ոչ էլ շրջվել է պետք, հարկավոր է ունենալ ամբողջ ժամանակի և ամբողջ տարածության զգացողությունը։ (լուսանկարի հեղինակ՝ Ռուբեն Մանգասարյան)