ՀՀ Ազգային ժողով են ժամանում «Ելք» խմբակցության պատգամավորները. ապրիլի 17-ին պետք է կայանա ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման հատուկ նիստը: Սկզբում ԱԺ շենք մտավ Մանե Թադիլյանը, այնուհետև Արամ Սարգսյանը, ապա՝ Էդմոն Մարուքյանը: Լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանն ասաց, որ եթե քվորում չապահովվի, ինքն էլ չի մտնի նիստերի դահլիճ: «Հարցեր չեմ տալու, ելույթը չեմ լսելու, նստելու եմ կաբինետումս: Հենց գա մեր ելույթ ունենալու ժամանակը, մտնելու եմ գրանցվեմ ելույթի և ելույթ ունենամ»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը պատրաստվում է մասնակցել Ազգային ժողովի հատուկ նիստին և ելույթ ունենալ վարչապետի ընտրության հարցի քննարկմանը: «Եթե նիստը կայանա, ապա մենք պետք է անպայման մասնակցենք, ելույթներ ունենանք ու արտահայտենք մեր դիրքորոշումը»,-ասաց Մարուքյանը: Նրա տեղեկություններով՝ մեծամասնության պատգամավորներն արդեն Ազգային ժողովի շենքում են, պատրաստվում են վարչապետի ընտրության հարցի քննարկմանը:
Մարուքյանը նաև նշեց, որ չի ափսոսում «Ելք»-ի իր գործընկեր Նիկոլ Փաշինյանի պայքարին չմիանալու համար` ընդգծելով, որ բոլոր իրադարձությունները, որոնց մասին իրենք ասում էին Նիկոլ Փաշինյանին պայքարը սկսելուց առաջ, իրականություն են դառնում: էդմոն Մարուքյանը շեշտեց, որ շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին, որոնց մասին հայտարարել է. դրանք չեն փոխվել: Քաղաքացիների մասնակցությունը ցույցերին իրենց չի մղի մասնակցելու Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած գործողություններին: «Մեր որոշումները կապ չունեն քաղաքացիների մասնակցության հետ, ինչպես ասել ենք, եթե բռնություն լինի, կգանք կմիջամտենք, այդ որոշումը ուժի մեջ է»,-նշեց «Ելք»-ի պատգամավորը: Նրա խոսքով` ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքում էլ կգնան բաժիններ, ըստ նրա` դա է այն քայլը, որ իրենք որպես պատգամավորներ, պետք է անեն: