Շվեդիայում բուհը թագավորության պատմության մեջ առաջին անգամ կվերադարձնի անորակ ուսման համար վճարված փողերը
Advertisement 1000 x 90

Շվեդիայում բուհը թագավորության պատմության մեջ առաջին անգամ կվերադարձնի անորակ ուսման համար վճարված փողերը

Շվեդիայի Գերագույն դատարանն ապրիլի 17-ին հաստատել է ստորին ատյանների դատարանների վճիռն առ այն, որ թագավորության պատմության մեջ առաջին անգամ բուհը հարկադրված կլինի փոխհատուցում վճարել ուսանողին անորակ կրթության համար: Խոսքը ամերիկուհի Քոնի Դիքինսոնի մասին է, որը շահել է դատական գործընթացը շվեդական Մելարդալենի համալսարանի դեմ:

Գերագույն դատարանի որոշման համաձայն, ուսանողուհին իրավունք ունի համալսարանից ստանալ ուսման համար իր վճարած գումարի երկու երրորդը: Փորձագետների կարծիքով՝ այդ հաղթանակը կարող է շվեդ բոլոր ուսանողներին փոխհատուցման իրավունք տալ ոչ բարձրորակ կրթության դեպքում: Դիքինսոնը ուսում ստանալու համար Շվեդիա էր ժամանել Կալիֆոռնիայից: Անցնելով մաթեմատիկայի և վիճակագրության քառամյա դասընթացը, որը նստել էր 180 հազար կրոն (մոտավորապես 22 հազար դոլար), աղջիկը դժգոհ է մնացել ստացած գիտելիքներից: Նա, մասնավորապես, գանգատվել է «հաղորդակցության դժվարություններից», որոնք կապված Էին այն բանի հետ, որ շվեդ պրոֆեսորը վատ է տիրապետել անգլերեն լեզվին, ինչպես նաև գերլցված լսարաններից և համակարգիչների անբավարարությունից:

Արդյունքում, ինչպես պնդել է ամերիկուհին, իր ստացած կրթությունը չի համապատասխանում այն ստանդարտների հինգ կետից չորսին, որոնք Շվեդիայում սահմանված են համալսարանների աշխատանքը ղեկավարող գերատեսչության կողմից: Երբ Դիքինսոնը բուհից պահանջել է վերադարձնել իր վճարած փողերը, ղեկավարությունը մերժել է նրան՝ վկայակոչելով համապատասխան ընթացակարգերի ու գործընթացների բացակայությունը: Սակայն, դրա հետ մեկտեղ, նա պարզաբանումներ է պահանջել կառավարությունից, որն առաջարկել է դիմել դատարան:



Նման նյութեր