Ուղիղ տասը տարի առաջ` հոկտեմբերի 15-ին, Սևան-Մարտունի ճանապարհին երգչուհի Վարդուհի Վարդանյանն ավտովթարի ենթարկվեց ու հեռացավ կյանքից` թողնելով հզոր ձայնադարան, ջերմ հուշեր ու վառ անուն: Արդեն տասը տարի է անցել, ինչ երգչուհու ձայնը հնչում է մեզ ծանոթ երգերում, բայց շարունակում հուզել ու սիրվել:
Հոկտեմբերի 26-ին «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում» կկայանա «Մեզ ոչինչ չի բաժանի» խորագրով՝ Վարդուհի Վարդանյանի մահվան 10-րդ տարելիցին նվիրված համերգ, որտեղ ելույթ կունենան երգչուհու ընկերները:
Life.panorama.am-ը սիրված երգչուհու, ինչպես նաև սպասվելիք համերգի ու գլխավոր անակնկալի մասին խոսել է Վարդուհի Վարդնյանի քրոջ` Քրիստինա Վարդանյանի հետ:
«Վարդուհու ընկերները նրա մահվան առաջին իսկ օրից մեր կողքին են ու շատ շնորհակալ եմ, որ տասը տարի անց նրանք շարունակում են լինել մեր կողքին ու արդեն Վարդուհու որդու` Ռուբենի հետ ընկերություն անել: Ամեն տարի Վարդուհու ծննդյան օրը, մահվան օրը, կամ ուղղակի ընտանեկան հավաքույթներին Վարդուհու ընկերները, որոնք շատ-շատ են, մեր տանն են եղել ու դա մեզ համար շատ մեծ օգնություն ու ուժ է, էլ չասեմ, որ առաջին տարին գրեթե չկար մի օր, որ նրանք մեր տանը չլինեին:Սրա համար, որպես քույր, պարզապես պետք է ասեմ `շնորհակալ եմ, ես խոնարհվում եմ իրենց առաջ, նրանք իսկական ընկերներ են, որոնց նմանն այսօր դժվար կարելի է գտնել: Նրանք շարունակում են ընկերություն անել Վարդուհու հետ, իսկ դա միայն մեծահոգի մարդը կարող է»,- նշեց Քրիստինա Վարդանյանը:
Վարդուհի Վարդանյանի քույրը հայտնեց, որ հոկտեմբերի 26-ին սպասվելիք համերգին կկայանա Վարդուհի Վարդանյանի և Արման Աղաջանյանի տեսահոլովակի պրեմիերան.
«2005թ-ին Վարդուհին և Արման Աղաջանյանը ԱՄՆ-ում տեսահոլովակ էին նկարահանել, սակայն գրաֆիկական լուծումների պատճառով դրա թողարկումը ձգձգվեց, իսկ հետո էլ Վարդուհին չհասցրեց: Մոտ օրերս ու նաև մենահամերգի օրը կկայանա նրանց «Երանի» կոչվող զուգերգի տեսահոլովակը, ինչի համար մենք բոլորս շատ ուրախ ենք. նշեմ, որ Արման Աղաջանյանը ևս հիմա Հայաստանում է: Ի դեպ` Վարդուհին այդ օրինակով շատ երգեր ու տեսանյութեր ուներ, որոնք չհասցրեց հրապարակել, նման կատարում կա նաև Սոսո Պավլիաշվիլիի հետ, որը ևս ապագայում կթողարկենք: Մենք որոշեցինք, որ Վարդուհու ձայնագրությունները պարբերաբար կհանձնենք նրա երկրպագուներին»,- նշեց նա
Հետաքրքրվելով, թե Վարդուհու որդին` Ռուբենը, ինչո՞վ է զբաղվում և մայրիկին նվիրված համերգին բեմո՞ւմ, թե հանդիսատեսի շարքում կլինի, քանի որ հայտնի է` նա երաժշտական տվյալներ ունի, Քրիստինա Վարդանյանը նշեց.
«Այո, Ռուբենը երաժշտական տվյալներ ունի, սակայն այդ օրը նա կլինի հանդիսատեսի շարքում: Մեզ ոչ մի կերպ չհաջողվեց համոզել նրան, որպեսզի երգի կամ գոնե նվագի այդ օրը: Ռուբենը հիմա 18 տարեկան է, սովորում է Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի «Դիզայնի» ֆակուլտետում: Այսօր նա շարունակում է մեծ ու հասուն տղային հատուկ կերպով ընկերություն անել մայրիկի ընկերների հետ»:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան