Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գեղամ Գրիգորյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ապրիլի 11-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մասնակից վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ВАЗ 2106-ը վարել է Արարատի մարզի Արևշատ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արմեն Խաչատրյանը, Mercedes-ը վարել է Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Լևոն Նահապետյանը, իսկ MTZ 82 մակնիշի տրակտորը վարել է Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ՝ 52-ամյա Ջոնրիկ Բեգիջանյանը։ Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Լ. Նահապետյանի ուղևոր՝ Կապան քաղաքի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Սարգսյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում՝ որպես ավագ քննիչ։
Նույն օրը պարզվել է նաև, որ Կապանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Հ. Սարգսյանը և Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Կարեն Արզումանյանը, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է նշված ավտովթարի ժամանակ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 11-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մասիս գյուղի վարչական տարածքում բախվել էին Mercedes մակնիշի 35 LF 415 համարանիշի և տրակտոր MTZ 82 մակնիշի և Վազ 2106 մակնիշի 25 ԼՍ 032 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել էր Արտաշատի բժշկական կենտրոն։ Վարորդներին և վիրավորին առաջինը օգնության էին հասել գյուղացիները, և քաղաքացիներն էին իրենց ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորին հիվանդանոց էր ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանը։ Բախման հետևանքով տրակտորը կողաշրջվել էր, Mercedes-ն էլ մասամբ փակել երթևեկության գոտու հատվածը։ Վթարի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի, տեսուչներ Արմեն Ներսիսյանի և Արման Բագրատյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: