«Եթե իշխանությունը դասեր չքաղի, ապա բողոքն ամեն անգամ ավելի մեծ թափով գլուխ կբարձրացնի». Վրացի նախկին դիվանագետ
Advertisement 1000 x 90

«Եթե իշխանությունը դասեր չքաղի, ապա բողոքն ամեն անգամ ավելի մեծ թափով գլուխ կբարձրացնի». Վրացի նախկին դիվանագետ

«Անկախ Երևանում տեղի ունեցող ակցիաների ապագայից, կարելի է պնդել, որ Հայաստանի հասարակությունում կա ազդեցիկ դժգոհ հատված»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար, վրացի դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին` անդրադառնալով Երևանում ծավալվող անհնազանդության ակցիաներին՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման:

Մենագարիշվիլին նշեց, որ երկրում բոլոր քաղաքական միջոցներից հետո նման փողոցային բողոքի ակցիաները ցույց են տալիս, որ կան լուրջ հակաիշխանական տրամադրություններ, քանի որ դրանք ծավալվում են՝ անկախ քաղաքական գործչի անձից, նրա նկատմամբ համակրանքից կամ հակակրանքից, անկախ նրա քաղաքական կշռից, և այլն:

«Բնականաբար, մարդիկ փողոց են դուրս գալիս՝ հույսով, որ իշխանություն է փոխվելու: Այդ իշխանությունը չի փոխվում, քանի որ առաջնորդները չեն կարողանում ճիշտ ուղղորդել այդ դժգոհությունը, վճռական քայլերի չեն դիմում, գործողությունների ծրագիր չեն ունենում, որի արդյունքում սկսված բողոքի ալիքը մարում է, մարդիկ վերադառնում են իրենց տներ, իշխանությունն արմատական փոփոխություններ իրականացնելու որոշում չի կայացնում, բայց այդ դժգոհությունը չի չքվում փաստորեն, մարդիկ անընդհատ դուրս են գալիս փողոց:

Սակայն մի քանի անգամ ծավալված այդ շարժումների մարումը չի նշանակում, որ միշտ դրանք մարելու են, քանի որ ակտիվիստների չզինված պայքարի տեխնոլոգիաները զարգանում են, գործողությունների ծրագիր է հայտնվում գործիչների ձեռքին, ժամանակի ընթացքում դժգոհությունն էլ ավելի է խորանում, հաճախ նման դեպքերում պայքարին են միանում ուժայինները, և դրանով սկսվում է հեղափոխությունը, ինչպես Վրաստանում 2003 թվականին Վարդերի հեղափոխության ժամանակ, երբ ամեն բան փափուկ ընթացավ, թեև եղան ուժային գործողություններ ևս»,- նման տեսակետ հայտնեց Մենագարիշվիլին:

Նրա խոսքով, քանի դեռ ուժային կառույցները, շարքային ոստիկաններն իրենց տեղերում են, պաշտպանում են իշխանության շահերը, ընդդիմության հաղթանակը շատ բարդ է, քանի որ Ոստիկանությունն ուժ է կիրառում, և դա սովորաբար անհամաչափ է լինում չզինված քաղաքացիների դեմ:

«Շատ կարևոր է, որ ակցիա իրականացնողները հայտարարեն խաղաղ պայքար, և, եթե փողոցում կանգնած է ժողովրդի մեծ մասը՝ իշխանությունը խաղաղ կերպով պետք է հանձնի իշխանությունը կամ համապատասխան փոփոխություններ իրականացնի»,- ասաց Մենագարիշվիլին:

Վրացի դիվանագետը դժվարանում է ասել, թե ինչպես կավարտվի Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխությունը: Սակայն, ըստ նրա, պարզ է, որ հասարակության շրջանում կա դժգոհ հատված, որը պետք է անհանգստացնի իշխանությանը: «Եթե իշխանությունը դասեր չքաղի՝ նման դժգոհություններն ամեն անգամ ավելի ու ավելի մեծ թափով են գլուխ բարձրացնում ու հանգեցնում արդյունքի: Ակնհայտ է, որ իշխանության հայտարարած բարեփոխումները ոչ ամբողջությամբ են իրականացվում, իշխանությունը պետք է մտածի այս մասին»,- ասաց նա:



Նման նյութեր