Սիրեկաններին կանխամտածված ՄԻԱՎ-ով վարակած վարսավիրը ցմահ ազատազրկվել է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սիրեկաններին կանխամտածված ՄԻԱՎ-ով վարակած վարսավիրը ցմահ ազատազրկվել է

Մեծ Բրիտանիայում 27-ամյա վարսավիր Դերիլ Ռոուն ցմահ ազատազրկման է դատապարտվել, քանի որ զուգընկերներին դիտավորյալ ՄԻԱՎ ինֆեկցիայով է վարակել: Նա հայտարարել է, որ այսկերպ վրեժ է լուծել գեյ հանրույթից:

Դատավոր Քրիսթին Հենսոնը, որն անցկացրել է դատական նիստը, երիտասարդի արարքը բռնության կատարյալ տեսակ է որակել: Նա ընդգծել է, որ Ռոուլը «հանրության համար զգալի վտանգ է ներկայացնում»: «Դուք առաջին մարդն եք, որն Անգլիայում դատապարտվում է ՄԻԱՎ-ով կանխամտածված վարակելու համար»,- ասել է դատավորը, հայտնում է Press Association-ը:

«Ես ամեն օր մտածում եմ ինքնասպանություն գործելու մասին: Ես զգում եմ, որ ոչ մեկին չեմ կարող վստահել: Նա իմ կյանքը կործանել է»,- բրիտանական Daily Mail պորտալը մեջբերել է տուժածներից մեկի խոսքը:

Դերիլ Ռոուն 2015 թվականին է իմացել, որ ՄԻԱՎ-ով է վարակված: Նրան վարակել էր նախկին զուգընկերը: Այդ ժամանակ տղան հրաժարվել է բուժում անցնել և որոշել է ամբողջ գեյ հանրույթից վրեժ լուծել: Նրա նպատակն էր իր հիվանդությունը փոխանցել առավել մեծ թվով նույնասեռականների: Մինչև կալանավորվելը նա հասցրել է սեռական հարաբերություն հաստատել 10 տղամարդկանց հետ, որոնցից 5-ը հրաշքով չեն վարակվել:

Հրապուրիչ վարսավիրը զոհերին որոնել է նույնասեռականների ծանոթության կայքում: Ժամադրությունների ժամանակ նա պնդել է զբաղվել չպաշտպանված սեքսով, սակայն ոչ բոլորն են համաձայնվել: Այդ պատճառով նա սկսել է պահպանակները նախապես ծակել: Սեռական ակտից հետո նա խոստովանել է կատարածը՝ զոհերին ծաղրական հաորդագրություններ ուղարկելով:

Երբ տղամարդուն կալանավորել են, նա հերքել է, որ զոհերին ծանոթ է, և պնդել է, թե ՄԻԱՎ վարակակիր չէ: Սակայն դատարանին հաջողվել է հակառակն ապացուցել:

Վարսավիրը բանտում կանցկացնի նվազագույնը 12 տարի, մինչ կկարողանա վաղաժամկետ ազատվելու խնդրագիր ներկայացնել: Բանտում նրա համար հատուկ պայմաններ կստեղծվեն, որ չկարողանա մյուս բանտարկյալներին վարակել:

med.news.am