ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը
Advertisement 1000 x 90

ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը

Ռամկավար ազատական կուսակցությունն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումներին և դրանց հաջորդած ու մինչ օրս շարունակվող բողոքի ակցիաներին: Ինչպես հաղորդում է կուսակցության գերագույն խորհուրդը  հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ներքաղաքական խառնակ մթնոլորտում վարչապետի պաշտոնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությամբ Հայաստանի Հանրապետությունը թեւակոխեց նոր՝ խորհրդարանական ղեկավարման փուլ՝ վերափոխված Սահմանադրությանը համապատասխան։

«Հետագա ամիսներն ու տարիներն անշուշտ գործնականում ցույց կտան պետական նոր կացութաձեւի առավելություններն ու թերությունները մեր երկրի համար՝ տնտեսական¸ քաղաքական եւ սոցիալական զարգացման տեսակետից։ Մինչ այդ՝ մեզ մնում է հաջողություն ցանկանալ նորընտիր վարչապետին եւ առաջիկա օրերին կազմվելիք նրա կառավարությանը¸ ի շահ ժողովրդի ու պետության¸ ի շահ խաղաղ¸ ապահով եւ բարեկեցիկ կյանքի ձգտող մեր երկրի»,- ասված է հայտարարության մեջ։

Այսուհանդերձ¸ Ռամկավար Ազատական կուսակցությունը իր խոր մտահոգությունն է հայտնում ստեղծված ներքաղաքական իրավիճակի առթիվ։ «Նկատի ունենք այն ջրբաժանը¸ որը տարիների ընթացքում ստեղծվել է իշխանության եւ ժողովրդի՝ հատկապես վերջինիս երիտասարդական խավերի միջեւ¸ որը շարունակաբար խորանում է ու բորբոքում է իրավիճակը երկրում։ Դրա բազմանշանակ ապացույցը բողոքի եւ ընդվզման ներկա վարակիչ շարժումն է¸ որի հնարավոր սայթաքումներից սակայն կարող են օգտվել նաեւ արտաքին ու ներքին կասկածելի ուժեր¸ ինչը խիստ վտանգավոր է մեր պետության համար¸ հատկապես միջազգային ու տարածաշրջանային լարման ներկայիս պայմաններում»։

Հայտարարության մեջ նշվում է, որ երիտասարդության ընդվզումը եւ բողոքը¸ անկախ իր այժմյան ղեկավարի նկրտումներից¸ պետք է չանտեսվի նորընծա կառավարության կողմից¸ եւ այսուհետեւ երկիրը ոչ թե ձեւական¸ այլ իրական բարեփոխումների ճանապարհով տանի¸ հասարակության բոլոր խավերի եւ առաջին հերթին՝ երիտասարդների ընդգրկմամբ¸ առանց խտրականության։ «ՌԱԿ-ը հանդես կգա պարբերական հայտարարություններով՝ նպաստելու համար երկրում բարեփոխումների անցկացման գործընթացին¸ կմատնանշի իշխանությունների բացթողումներն ու սխալները¸ վճռականորեն կմիջամտի երկրում իսկական ժողովրդավարության հաստատման ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերում»:



Նման նյութեր