Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ #ԻմՔայլը բողոքի ակցիան շարունակվում է: Դեպքի վայրում աշխատում են բազմաթիվ լրագրողներ և օպերատորներ, որոնք կարող են հանդիպել մասնագիտական գործունեության տարբեր խոչընդոտների, ինչպես նախորդ նման ակցիաների ժամանակ:
Media.am-ը հիշեցման կարգով ներկայացնում է լրագրողի՝ օրենքով սահմանված իրավունքները և դրանք խախտելու համար պատիժները:
Լրագրողն իրավունք ունի ներկա գտնվել ցույցերին և բողոքի ակցիաներին: Դրա համար ոչ մի հավատարմագրում կամ պետական մարմինների հետ նախնական պայմանավորվածություն պետք չէ: Լրագրողը ազատ է ձայնագրելու, լուսա և տեսանակարահանումներ իրականացնելու մեջ:
Ընդհանրապես, լրագրողը ազատորեն կարող է որոնել, հարցում անել, տեղեկություն ստանալ և տարածել այն: Սա սահմանվում է զանգվածային լրատվության մասին օրենքով:
Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն՝ իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա:
Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Օրենքով արգելվում է ՝
գրաքննությունը.
որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ.
լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը.
խտրականությունը լրատվության համար անհրաժեշտ սարքավորումների և նյութերի քաղաքացիական շրջանառությունում
ցանկացած, այդ թվում՝ այլ երկրներում թողարկված և տարածված լրատվության միջոցներից օգտվելու՝ անձի իրավունքի սահմանափակումը:
Ամբողջությամբ՝ media.am