Հեռուստատեսային մի շարք նախագծերում իր տաղանդով աչքի ընկած երիտասարդ և հեռանկարային երգիչ Գևորգ
Հարությունյանն այս տարի Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք-2018» միջազգային երաժշտական մրցույթում: Այն կանցկացվի սեպտեմբերի 4-9-ը Սոչիում:
Երգիչը խոստովանում է` առաջին անգամը չէ, որ վերոնշյալ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել, բայց այս անգամ բախտն իրեն ժպտացել է:
«Արմենպրես»–ի թղթակիցը զրուցել է երգչի հետ:
«Դեռ տասը տարեկանից երգում էի, բայց, երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը, նախընտրեցի կինոարվեստը: Կինոռեժիսոր եմ, սակայն ի սկզբանե գիտեի, վստահ էի, որ վաղ թե ուշ լրջորեն զբաղվելու եմ երգեցողությամբ: Այս բնագավառում քայլեր արեցի, և ինձ սկսեցին ճանաչել «X Factor» ծրագրից»,- նշեց նա:
Գևորգը շեշտեց, որ բնավ չի ափսոսում խաղարկային ֆիլմերի ռեժիսորի մասնագիտությունն ընտրելու համար, քանի որ ձեռք է բերել բազմաթիվ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, որոնք իրեն օգնում են նաև երաժշտարվեստում: Երգիչն իրեն կինո սիրող մարդ է համարում, հասցրել է կարճամետրաժ ֆիլմ նկարել:
Նա ոչ միայն կատարող է, այլև հորինող: Գևորգն իր որոշ երգերի և՛ երաժշտության, և՛ խոսքերի հեղինակն է:
«Ստեղծագործում եմ տարբեր ժանրերում: Մի շարք երգեր ներկայացրել եմ երաժշտասերներին. հարյուր և ավելի գործեր էլ դեռ չեմ հանձնել նրանց դատին: Հիմնականում գրում եմ երգերի երաժշտությունը, բայց կան ստեղծագործություններ, որոնց նաև խոսքերն են իմը, օրինակ` անգլալեզու «Chameleon»-ը, մայրենի լեզվով «Իմ սեր, իմ երազանքը» և այլն»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ armenpress.am