Ամերիկյան նոր հրահանգները, որոնցով առաջարկվում է հիպերտոնիա ախտորոշել արդեն արյան սիստոլիկ (վերին) ճնշման սնդիկի սյան 130 մմ ցուցանիշի դեպքում, կարող են ավելի շատ վնաս, քան օգուտ տալ: Այս մասին նշված է JAMA Internal Medicine ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ: Հետազոտության հեղինակները՝ University of Sydney-ի և Bond University-ի գիտնականները, գնահատել են նոր հրահանգների առավելություններն ու խնդիրները:
Նախկինում մարդու մոտ հիպերտոնիա էին ախտորոշում, եթե սիստոլիկ ճնշումը սնդիկի սյան 140 մմ էր կամ ավելի: Անցյալ տարեվերջին Սրտաբանության ամերիկյան քոլեջը (American College of Cardiology) և Սրտի ամերիկյան ասոցիացիան (American Heart Association) խորհուրդ են տվել շեմը նվազեցնել մինչև սնդիկի սյան 130 մմ:
ԱՄՆ-ում ընդունված նոր հրահանգներն ամբողջ աշխարհում ազդեցություն կունենան կլինիկական պրակտիկայի վրա, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում, ինչի հետևանքով ԱՄՆ-ում լրացուցիչ ևս 31 մլն, Մեծ Բրիտանիայում 6,7 մլն և Ավստրալիայում 2,4 մլն մարդկանց մոտ հիպերտոնիա կախտորոշվի: Այսինքն՝ նրանց մոտ կմեծանա սրտի հիվանդությունների և կաթվածի առաջացման վտանգը: Մասնագետների խոսքով՝ մինչդեռ իրականում այսպիսի ճնշմամբ մարդկանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը 10 տոկոսը չի գերազանցում, իսկ ճնշման իջեցումը հազիվ թե բերի այդպիսի վտանգի նվազման: Այդուհանդերձ, նշանակված ախտորոշումը կարող է առաջացնել սեփական առողջության համար անհանգստություն, դեպրեսիա և բուժում, որի կարիքն այս հիվանդները, հավանաբար, անգամ չունեն:
Ավելին՝ հիպերտոնիայի դեմ դեղամիջոցներն ունեն մի շարք կողմնակի էֆեկտներ (հիպոտոնիա, ուշագնացություններ, էլեկտրոլիտների հավասարակշռության խախտում երիկամների վնասումներ, երիկամային սուր անբավարարություն և այլն), և առանց լուրջ անհրաժեշտության չարժի հիվանդներին դրանց ենթարկել, նշում են գիտնականները:
ԱՄՆ մի քանի կազմակերպություններ ևս մտահոգություն են հայտնել ճնշման շեմի իջեցման հրահանգների կապակցությամբ: Բժիշկների ամերիկյան քոլեջը (American College of Physicians) հայտարարել է, որ սրտային հիվանդությունների վտանգի և կաթվածի հավանականության նվազման առավելությունները գերագնահատվել են, իսկ վնասը՝ թերագնահատվել: Ընտանեկան բժիշկների ամերիկյան ակադեմիան (The American Academy for Family Physicians) նույնպես մտահոգություն է հայտնել, որ շեմի իջեցման վտանգները պատշաճ կերպով չեն գնահատվել:
Դրանից բացի, ինչպես նշում են ավստրալացի գիտնականները, մի շարք երկրներում, այդ թվում՝ նաև ԱՄՆ-ում, որտեղ չկա պետական առողջապահության համակարգ, հիպերտոնիայով հիվանդները բժշկական ապահովագրություն դժվար կստանան, ինչը նրանց կյանքը ավելի կբարդացնի:
Այսպիսով, հեղինակները խորհուրդ են տալիս վերանայել նոր հրահանգները: Հետազոտության հեղինակները բժիշկներին էլ խորհուրդ են տալիս հիվանդների հետ խոսել առողջ կենսակերպի, ճիշտ սննդակարգի և ֆիզիկական ակտիվության կարևորության մասին՝ անկախ ճնշման մակարդակից: