Ստորև ներկայացնում ենք քաղաքական գործիչ Սպարտակ Սեյրանյանի գրառումը և ժամեր անց, նրա անդրադարձը իր գրառմանը.
«Ամեն անգամ, երբ հասարակական կյանքն ալեկոծվում է, միանգամից ոգևորվում ու ջրի երես են ելնում որոշակի կատեգորիայի նմուշներ: Ինչքան չբավարարված, ժամանակավոր կամ հարկադիր պարապուրդի մեջ հայտնված կամ ժամկետանց լիրբ կա, հերթական անգամ դարձել է բարոյախոս, փիլիսոփա, քաղաքագետ ու իր ”էստի համեցեք”-ը տվյալ պահի մոդայիկ քաղաքական փաթեթավորումով է ներկայացնում:
Բերանը ծռած, ամենավերջին գռեհիկ բառերով հայհոյող կինն ինձ համար արդեն կին չէ: Ու կապ չունի, թե ինչի համար, ում կողմից և ում է հայհոյում: Փողոց դուրս եկած կամ փողոց դուրս չեկած երեխային անիծող կինն էլ ինձ համար արդեն կին չէ: Ու մարդ էլ չէ արդեն»:
Իր այս հրապարակմանը, պ-ն Սեյրանյանը անդրադարձել է, գրելով.
Միանգամից սկսեմ հետգրությունից:
Հ.Գ. Հարգելիներս, գրառումս այսօրվա հետ կապ չունի, նույնն էր երեկ, նույնն է լինելու վաղը` ցանկացած թեմայով, լինի քաղաքականություն, թե ֆուտբոլ, մշակույթ, թե ձվածեղ: Ընդ որում`ցանկացած մեկի ցանկացած գրառման պարագայում: Ասելիքիս “հերոսներն” էլ ամենուրեք կան` առանց կրթական, քաղաքական, սեռատարիքային, կրոնական, կողմնորոշումային կամ որևէ այլ սահմանափակումների:
Հ.Հ.Գ.Եվ մի խնդրանք. մինչ հակադարձելը, մի զլացեք, ուշադիր կարդացեք ու ինձ մի մեղադրեք բաներում, որ չեմ ասել: Եթե որևէ մեկի աչքին ամենուրեք տեսիլքներ են երևում, դա իմ մեղքը չէ, եթե որևէ մեկի կարծիքով իմ գրածը հենց իրեն է վերաբերվում, դա էլ իմ մեղքը չէ: Ու ամենակարևորը. խնդրում եմ մեծահոգաբար ներեք ինձ, եթե գրառումներիս մեջ թեկուզ մեկ բառ կամ ստորակետ ձեր համոզմունքներին չհամապատասխանի, ձեր սրտով չլինի:
Հիմա անցնեմ բուն գրառմանս:
Հերթական անգամ համոզվեցի, որ
-Կապ չունի դու ինչի մասին ես խոսում, ինչ ես ասում. ամեն մեկը տեսնում, լսում ու հասկանում է այն, ինչ ուզում է այդ պահին տեսնել, լսել, հասկանալ:
-Կապ չունի դու ինչի մասին ես խոսում ու ինչ ես ասում, ամեն մեկը ուզում է, որ դու համաձայնես հենց իր ասածի հետ: Եվ ոչ միայն պարզապես համաձայնես, դա քիչ է, պետք է համաձայնես իր ասածի հետ հենց իր բառերով, հենց իր նախադասություններով, հենց իր առոգանությամբ, անգամ` հենց իր տառասխալներով:
-Խոսքի ու կարծիքի ազատության մասին խոսողների մի կատեգորիա կա, որը համոզված է, որ խոսքի ազատության սկզբունքը միայն իր խոսքի ազատությանն է վերաբերվում: Եվ եթե դիմացինի խոսքն իր տեսակետին չի համընկնում, ապա դիմացինը խոսքի ազատություն չպետք է ունենա:
-Կան մարդիկ, որ եթե ասում են մածունը սև է, ապա ինչքան էլ մածուն ցույց տաս իրենց, մեկ է, ասելու են` կամ դա մածուն չէ, կամ էլ դու սև մածունը սպիտակ ներկել ես:
-Կան մարդիկ, ովքեր համոզված են, որ ցանկացած հարցի մասին իրենց ցանկացած կարծիք ոչ միայն ճիշտ է, քանի որ ինքը պարզապես չի կարող ճիշտ չլինել, ավելին`ընդօրինակելի ճիշտ է: Եվ եթե հանկարծ վաղը ինքն այդ կարծիքը փոխի ու լրիվ հակառակ բան ասի, արդեն իր փոխված կարծիքն է ճիշտ և ընդօրինակելի: