Նիկոլը Սերժ Սարգսյանին անձնական վիրավորանք հասցրեց: Կապ չունի՝ հատուկ արեց, ակամա արեց, թյուրիմացության արդյունքում, թե ինչ: Հստակ ա, որ Սերժ Սարգսյանը՝ հաղթահարելով տարիներով շրջապատի կողմից ներարկված միապետական բարդույթները՝ աննախադեպ ադեկվատ քայլ արեց, իջավ գահից, բայց հայտնվեց բավական ստորացուցիչ պայմաններում: Հետևանքը՝ տեսանք: Հաջորդիվ արդեն ԱԺ հերթն ա լինելու՝ զրկելու Նիկոլին, Սասունին ու Արարատին պատգամավորական անձեռնմխելիությունից:
Ես չեմ նախանձում իշխանությանը լոյալ ոչ սակավաթիվ ադեկվատ պատգամավորներին, քանի որ շա՜տ դժվար ա լինելու դա անելը: Շատ դժվար ա լինելու փուռը տալ մեկին, որն ըստ էության ճանճ անգամ չի սատկացրել, ու սատկացնելու կոչ էլ չի արել: Ու ում միակ մեղքը, փաստորեն, վարչապետին բավական աննրբանկատ վիրավորելն ա: Լիքը հիմքեր կան՝ Սերժ Սարգսյանին պարզերես վարչապետ ընտրելու համար, բայց գործընկերոջը նույքան պարզերես “հանձնելը” բոլորովին հեշտ գործ չի:
Իհարկե զրկելու են անձեռնմխելիությունից, ու ես չեմ դատում, այլ լրիվ հասկանում եմ էդ մարդկանց ու նրանց մոտիվացիաները: Բայց ավելի շատ հասկանում եմ հոգեվիճակը: Ես էլ էդ իրավիճակում չգիտեմ՝ ինչ կանեի, անկեղծ խոստովանում եմ: Հազար կապ, խոստում, պատվի ու պարտավորության հարց կա:
Բայց էն, ինչ դրա արդյունքում տեղի ա ունենալու նրանց ուղեղներում եւ հոգիներում, արդեն մեծ հեղափոխություն ա: Որովհետև նրանք ենթագիտակցորեն այլևս երբեք չեն ներելու վարչապետին, որ նրան հասցրած անձնական վիրավորանքի համար, փաստորեն, նաև իրենք պատասխան տվեցին՝ իրենց քվեարկությամբ: Շատ ծանր ժամանակներ են: Ոչ թե գաղափարների, այլ տեսակների բախման ժամանակներ: