
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ Արցախի փողոցում իրականացրել է հավաքը ցրելու գործողություն՝ իրավիճակից բխող միջոցներով: Հավաքի կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից: Մինչ այժմ հայտնի չէ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը:
Նշենք, որ ՀՀ Սահմանդրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության՝ չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:
ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Նման միջնորդություն ներկայացվում է քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համար ապացույցների բավարար համակցություն ձեռք բերելու դեպքում: