Դանակահարության հետևանքով հիվանդանոցում մահացել է 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը: Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ցուցարարների հետ վիճաբանության արդյունքում։
ԵԿՄ-ն և Էջմիածնի քաղաքապետարանը, սակայն, բոլորովին այլ տեսանկյունից են ներկայացնում դեպքը։ Նրանց խոսքով՝ միջադեպը հրահրել է նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, իր «սադրիչ» խմբի հետ, ովքեր «օգտվելով ստեղծված իրավիճակից՝ Էջմիածնի հրապարակում կատարել են սադրիչ գործողություններ և հայտարարություններ` փորձելով խաղաղ բնակիչներին դրդել անօրինական գործողությունների»:
«Առաջին լրատվական»-ը զրուցել է Հակոբ Հակոբյանի հետ։
– Պարոն Հակոբյան, ԵԿՄ-ն ու Էջմիածնի քաղաքապետարանը Ձեզ են մեղադրում կատարվածի մեջ։ Կասե՞ք, ի վերջո, ի՞նչ է եղել, և ինչո՞ւ էիք գնացել Էջմիածնի հրապարակ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։
– Ժողովուրդը երեկ առաջին անգամ Սերժ Սարգսյանի հրաժարականից հեո հավաքվել էր հրապարակում, որը դրանց դուր չէր եկել, թե բա՝ ոնց, հրաժարականից մի քանի ժամ հետո արդեն մարդիկ ուզում են իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը։ Դրա համար էլ երեկ իրանք Մանվելի տղաների գլխավորությամբ խումբ էին կազմել և ԵԿՄ-ի մոտ կանգնած էին։ Մոտ 30 հոգի։ Նրանք բոլորը անմիջապես մի մարդու պես եկան դեպի առաջ՝ էդ մարդը։ Ժողովուրդը նրանց տեսնելով ավելի համախմբված եկավ առաջ՝ ասելով, թե ինչ են անում, ու բղավում էին, որ այլևս քաղաքի տերն իրենք են, և իրենք են որոշելու ինչ անել։ Նույնն էլ ես եմ ասել, որ հերիք ա, իրանց ժամանակը անցել ա, հրապարակը բոլորինն ա։ Մանվելի տղային էլ ասեցի՝ եթե ասելու բան ունի, կարող ենք առանձնանալ, խոսել։ Բայց իրենք հետ քաշվեցին, գնացին իրենց տեղում կանգնեցին ու ավելի ուշ հեռացան։ Ես էլ մի 40 րոպե կանգնելուց հետո մեկ ուրիշ մեքենայով հետ եմ եկել իմ մոտ։ Ավելի ուշ՝ արդեն երեկոյան, իմացել եմ, որ ինչ-որ դանակահարություն է եղել։
– Այսինքն՝ դանակահարությունը այդ միջադեպի ժամանա՞կ չի եղել, հրապարակում։
– Այդ պահին հրապարակում ընդհանրապես որևէ բան չի եղել՝ ո՛չ բղավոց, ո՛չ գոռոց, ո՛չ միջադեպ կամ շտապօգնության մեքենա։ Այդ ժամանակ առհասարակ որևէ խնդիր չի եղել։ Եթե մարդ խփեին, այդտեղ աղմուկ կբարձրանար, բայց, կրկնում եմ, այդտեղ ոչ մի միջադեպ չի եղել։
– Պարոն Հակոբյան, արդեն քրեական գործ կա հարուցված։ Ձեզ արդեն հարցաքննե՞լ են։ Ի՞նչ կարգավիճակ ունեք։
– Ինձ հրավիրել են բաժին, բայց դեռ չեմ գնացել։ Բայց մեր կողմնակիցներից երկու-երեք մարդու՝ իմ վարորդին, այն 70 տարեկան մարդուն կանչել են, որ տեսնեն՝ ոնց է եղել ամեն ինչ։ Ես էլ կգնամ, ամեն ինչ կպատմեմ։ Ես ոչ դանակահարողին եմ ճանաչում, ոչ էլ դանակահարվողին։ Թող իրենց հարցերը իրենք պարզեն։ Եվ հետո՝ էս դարում բոլորը հեռախոսներ ունեն, կամերաներ, բոլորը նկարում են, թող դնեն նայեն, ու ով մեղավոր է՝ թող պատասխան տա։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ դևը փորձում է խղճահարություն առաջացնել իր նկատմամբ, չի ստացվի։ Նա սուտ է խոսում առանց ամաչելու։ Եթե ինքը իրականում տղա ա, թող կանգնի ու ճիշտը պատմի։
Ամբողջությամբ՝ 1in.am