«Չնայած ավելորդ եմ համարում հիշեցնել, բայց իշխանություններն առիթ են փնտրում արտակարգ ռեժիմ հայտարարելու համար»,- ֆեյսբուքյան էջում զգուշացնում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Ուստի, ըստ նրա, հնարավոր են նոր սադրանքներ: «Բավական է մի տասը մարդ «փայտերով զինված» հարձակվի որևէ ոստիկանի վրա, կամ որևէ խանութի ցուցափեղկ ջարդի»,- նշել է Խառատյանը:
«Մեր ոստիկանը միշտ մերն է, մեր բոլոր քաղաքացիները մեր կողմից միշտ պաշտպանված են, մեր հանրահավաքները խաղաղ են, մեր գրպաններում դանակներ չկան, մեր ձեռքին մահակներ չկան»,- գրել է ազգագարգետը՝ շարունակելով. «Նիկոլը անընդհատ կրկնում և խաղաղ անհնազանդության օրինակ է ծառայում, մենք սադրանքի չենք գնում, մեր այս ամբողջ գործընթացը խաղաղության և օրենքով իրավունքի կիրառման համար է, մեր ամբողջ ծրագրերը օրենքի առաջ երկրի բոլոր քաղաքացիների հավասարության համար է, այդ թվում՝ իշխանության մեջ ընդգրկված մարդկանց»:
Ազգագրագետը իշխանության մեջ ընդգրկվածներին կոչ է անում ազատվել ապօրինությունների հարկադրանքից. «Մենք ապօրինության միջոցով օրինականության չենք հասնի, մենք երանոսյանական որակի ոստիկանների սադրանքներից չենք ազդվի»: Հղում կատարելով Սահմանադրությանը՝ Խառատյանը զգուշացնում է. «Եթե Կարեն Կարապետյանը պատրաստվում է արտակարգ դրություն հայտարարել, ապա նախապես ասում եմ՝ Սահմանադրական կարգին ոչ միայն անմիջական, այլև որևէ վտանգ չի սպառնում: Հանրահավաքները, ցույցերը, դրանց իրականացումներն ամբողջովին Սահմանադրական իրավունքի շրջանակում են»: