«Մենք դեռ չունենք պաշտոնական դիրքորոշում վարչապետի ցանկացած թեկնածուի հետ կապված». Ծառուկյանի խոսնակը՝ Փաշինյանին սատարելու մասին
Advertisement 1000 x 90

«Մենք դեռ չունենք պաշտոնական դիրքորոշում վարչապետի ցանկացած թեկնածուի հետ կապված». Ծառուկյանի խոսնակը՝ Փաշինյանին սատարելու մասին

«Ելք» խմբակցությունն այսօր արդեն խորհրդարանում առաջադրել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում: Չնայած ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր կոչ արեց ԲՀԿ-ականներին միահամուռ միանալ համաժողովրդական շարժմանը, ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը դեռ որոշում չունի՝ վարչապետի ո՞ր թեկնածուին է սատարելու:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն է հայտարարել թեկնածու առաջադրելու մասին, իսկ «Ելքն» արդեն առաջադրել է: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա Հանրապետականի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կլինի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

«Մենք դեռ չունենք պաշտոնական դիրքորոշում վարչապետի ցանկացած թեկնածուի հետ կապված»,- factor.am-ի հարցին ի պատասխան ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Մինչդեռ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Azatutyun.am-ի հետ զրույցում նշեց, որ «Ելքը» վարչապետ է առաջադրելու Նիկոլ Փաշինյանին և իրենց պետք է 53 ձայն, որ նա ընտրվի՝ հավելելով, որ կարծում է՝ կա նման հնարավորություն:

Էդմոն Մարուքյանն ասել է, որ «Ելք»-ը և «Ծառուկյան» դաշինքը միասին 40 մանդատ ունեն, և կարծում է, որ 13 մանդատ ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից կարող են ստանալ: Ասել է թե՝ «Ելքը» հույս է դրել իրենց միացած «Ծառուկյան» դաշինքի վրա, սակայն «Ծառուկյան» դաշինքը հնարավոր է չսատարի իրենց:

«Մենք այդ թեմայով քննարկում դեռ չենք ունեցել: Հենց կքննարկենք, քաղաքական օրակարգը կձևավորենք, էդ ժամանակ էլ կտեղեկացնենք: Էս պահին մենք համաժողովրդական ընդվզման կողքին ենք, իսկ մնացած բոլոր հարցերը վարչապետի ցանկացած թեկնածության հետ կապված կլինեն քննարկումներ, եզրահանգումներ և նոր մենք մեր վերջնական դիրքորոշումը կասենք»,- Փաշինյանին սատարելու առթիվ ասաց Իվետա Տոնոյանը:

Իսկ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ շարժմանը միանալը դեռ չի նաշանակում, որ իրենք անվերապահորեն աջակցելու են Փաշինյանին:

«Մենք ժողովրդի հետ ենք, ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Եվ մեր պատգամավորական ձայները, որոնք մեզ տվել է ժողովուրդը, չենք պատրաստվում տալ ոչ մեկին»,- ասել է Էնֆիաջյանը։ Միաժամանակ, «Ծառուկյան» դաշինքը կողմ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացվեն։

factor.am



Նման նյութեր