Ընդառաջելով իրեն ուղղված առաջարկին՝ ապրիլի 25-ի ողջ օրվա ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցությունների շարք է անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաև հասարակական-քաղաքական գործիչների հետ, քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից, քննարկումների ընթացքում բոլոր մասնակիցները համակարծիք են եղել, որ բարձրացված հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության շրջանակներում, ներառելով բոլոր սահմանադրական գործընթացները, ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները, անհրաժեշտության դեպքում մինչ այդ փոփոխություններ կատարելով Ընտրական օրենսգրքում և Սահմանադրության հետ կապված օրենքներում: