Գագիկ Ծառուկյանը վարչապետի լավ թեկնածու է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը և «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է, ով մեր երկրի տնտեսական, սոցիալական խնդիրներին խորքային ծանոթ է և, բնականաբար, վարչապետի շատ լավ թեկնածու է»,- հայտնեց նա:
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հորդորին, որ մայիսի 1-ին՝ վարչապետի քվեարկության օրը, պետք է հեղեղել փողոցները և շրջափակել Ազգային ժողովի շենքը, Վահե Էնֆիաջյանը նշեց.
«Ես ինքս անձամբ դրական եմ վերաբերում Նիկոլ Փաշինյան անձին: Մենք կարծում ենք, որ երկրում պետք է էական և մեծ փոփոխություններ տեղի ունենան: Երբ «Բարգավաճ Հայաստանը» քաղաքական խորհրդի նիստ կգումարի, վերջնական որոշում կունենա, բնականաբար, հրապարակավ հանդես կգանք»
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը և ԲՀԿ-ն միացել են համաժողովրդական շարժմանը, և այս պահին էլ կուսակցության Գյումրու տարածքային կառույցի ներկայացուցիչները մասնակցում են ընդվզմանը:
Հարցին, թե մայիսի 1-ին «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները փողոցում են պայքարելու, թե խորհրդարանում են լինելու, Վահե Էնֆիաջյանը հայտնեց.
«Մենք կարծում ենք, որ վերջնական որոշումը լինելու է մեր քվեարկությամբ և մեր քաղաքական մոտեցումներով»: