Փաստաբան Նորիկ Նորիկյանի հրապարակումը.
Սահմանադրական ծուղակ Նիկոլի համար
«Այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն հրաժարվեց թեկնածու առաջադրել մայիսի 1-ին նշանակված վարչապետի ընտրություններին, խոսում է մի բանի մասին, որ, բոլոր դեպքերում, որոշում է կայացվել տապալել վարչապետի ընտրությունը՝ հասնելով իրավունքի ուժով Ազգային Ժողովի արձակմանը, որպիսի պայմաններում ՀՀԿ-ն փաստացի կպահպանի իշխանությունը՝ դրա ամբողջական հետևանքներով հանդերձ:
Սահմանադրական նորմերի համակողմանի վերլուծությունից հետևում է, որ ՀՀԿ-ն ընտրել է իր համար ամենաիդեալական տարբերակը:
Սահմանադրության 102-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստի սկզբում գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Սա նշանակում է, որ չի բացառվում, որ ՀՀԿ-ն կարող է անգամ բոյկոտել ու չներկայանալ մայիսի մեկին նշանակված նիստին, որպիսի պայմաններում վարչապետի ընըտրությունը չի կարող կայանալ, քանի որ մնացած այլ ուժերը չեն կարող ապահովել նիստի քվորում, այսինքն՝ 53 ձայն:
Սակայն ինտրիգը միայն սրանով չի ավարտվում: ՀՀԿ-ն բոլոր դեպքերում թույլ չի տա, որպեսզի Նիկոլը դառնա վարչապետ, քանի որ վարչապետ դառնալուց հետո առնվազն մեկ տարի որևէ մեկը չի կարող ՀՀ սահմանադրության 115-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով անվստահություն հայտնել Նիկոլին, քանի որ հիշատակված նորմի համաձայն՝ Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
Այդուհանդերձ, անգամ այս պայմաններում և այս համատեքստում վերլուծենք այն իրավիճակը, երբ Նիկոլը, ինչ-որ ձևով մայիսի մեկին ընտրվում է վարչապետ: Այդ դեպքում նա պարտավոր է լինելու սահմանադրության 150-րդ հոդվածով սահմանված կարգով 5 օրվա ընթացքում Հանրապետության նախագահին առաջարկել փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին:
Բացի այդ, նույն հոդվածի ուժով պետք է կազմավորվի կառավարությունը 15 օրյա ժամկետում, իսկ Սահմանադրության 151-րդ հոդվածով սահմանված կարգով կառավարության կազմավորումից հետո 20 օրա ընթացքում Վարչապետը Ազգային ժողով պետք է ներկայացնի կառավարության ծրագիրը:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Իսկ սա նշանակում է, որ եթե Նիկոլը մայիսի 1-ին ընտրվում է վարչապետ, ապա մինչև մայիսի 15-ը պետք է ձևավորի կառավարություն, իսկ մինչև հունիսի 5-ը Ազգային ժողով ներկայացնի իր կառավարության ծրագիրը:
Ազգային Ժողովն առնվազն մեկ տարի չի կարող անվստահություն հայտնել Նիկոլին: Կարող է միայն անվստահություն հայտնել նրա կողմից ներկայացված ծրագրին: Այս դեպքում հարց է առաջանում, եթե հանրապետականները պետք է Նիկոլին ընտրեն վարչաչետ, սակայն ընդամենը 20 օր հետո անվստահություն հայտնեն նրա կողմից ներկայացված ծրագրին, ապա ո՞րն է մայիսի 1-ին Նիկոլին ընտրելու նրանց տրամաբանությունը:
Հետևաբար, նրանք շատ ավ գիտակցում են, որ եթե Նիկոլին ընտրեն վարչապետ, ապա մեկ տարի Նիկոլին ոչ մեկ չի կարող անվստահություն հայտնել; Ահա այս պայմաններում էլ նրանք գտել են ամենաիդեալական տարբերակը, որից ցանկանում են օգուտ քաղել: Հույս ունեմ, այս հաշվարկներն ունի նաև Նիկոլը, որից պետք է հետևություններ անի:
Իսկ ես գնալով համոզվում եմ, որ նոր իշխանության թիվ մեկ խնդիրներից մեկն է պետք է լինի նոր սահմանադրության ընդունումը, իսկ այս սահմանադրության հեղինակներին էլ պետք է դատել՝ մեր երկիրն այսպիսի քաղաքական կատակլիզմի առջև կանգնեցնելու համար»: