Իրավիճակ է հասունացվում «տարածքներ ոչինչի դիմաց» բանաձևով նոր կորուստներ պատճառել Արցախին. Ովքեր են քավության նոխազները. 1in.am
Advertisement 1000 x 90

Իրավիճակ է հասունացվում «տարածքներ ոչինչի դիմաց» բանաձևով նոր կորուստներ պատճառել Արցախին. Ովքեր են քավության նոխազները. 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։

– Պարոն Մելիքյան, շարժման առաջին օրերին Հայաստանում էր Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Նա ակտիվորեն հանդիպումներ էր ունենում կողմերի հետ։ Բակո Սահակյանի ներկայությունը ինչի՞ վկայությունն է։

– Պարոն Սերժ Սարգսյանի հրաժարականը որոշակիորեն փոխել է ներհայաստանյան ուժերի հարաբերակցությունը, ինչը չի կարող իր ազդեցությունը չունենալ նաև Արցախի ներքաղաքական իրավիճակի վրա: Այդ հրաժարականը անորոշություններ է առաջացրել Երևան-Ստեփանակերտ ձևաչափով հարաբերությունների՝ ինչպես քաղաքական, այնպես էլ վարչաֆինանսական փոխգործակցության տիրույթներում: Բնական եմ համարում նաև այն, որ Ստեփանակերտում ևս կարող են հնչեցվել արդեն պարոն Բակո Սահակյանի հրաժարականի պահանջներ: Այնպես որ, վերջինիս Երևան գալն ու տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալը միանգամայն տրամաբանական էր ու, հուսով եմ, նաև օգտակար` իրավիճակի ճշգրիտ պատկերն ու սթափ գնահատականը ձևավորելու տեսանկյունից:

– Սերժ Սարգսյանի հրաժարականով, ըստ էության, Ղարաբաղյան շարժման մասնակիցների շրջանակն ավարտվում է։ Ո՛չ Կարեն Կարապետյանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանն այդ շրջանակից չեն։ Այս կտրուկ փոփոխությունն ինչպե՞ս կազդի ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա։

– Երեկվանից արդեն անթաքույց կերպով է իրականացվում օտար միջամտությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին: Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների համար գերխնդիր է վերջ տալ Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությանը Հարավային Կովկասում, որտեղ Մոսկվայի ներկայիս միակ ռազմականացված հենակետը մնում է Հայաստանը, իսկ Ռուսաստանի համար գերխնդիր է վերականգնել սեփական երբեմնի անսասան դիրքերն ու պատկառելի ռազմական ներկայությունը Ադրբեջանում: Երկուսն էլ դիտարկում են հայկական շահերի ու տարածքների հաշվին իրենց նպատակին հասնելու տարբերակը, և «Մադրիդյան սկզբունքների» շուրջ նրանց միակարծությունը հենց դրանով է ապահովվում: Սերժ Սարգսյանն իր կողմից երաշխավորել է տարածքների հանձնումը` Ադրբեջանի կողմից Արցախի ինքնորոշումը պարտադիր ճանաչելու պարտավորության դիմաց: Հիմքեր ունեմ կարծելու, որ այժմ իրավիճակ է հասունացվում «տարածքներ ոչինչի դիմաց» բանաձևով նոր կորուստներ պատճառել Արցախին: Սերժ Սարգսյանի տարօրինակ հրաժարականից հետո հնարավոր կորուստների համար պատասխանատու քավության նոխազները կլինեն Կարեն Կարապետյանը և Նիկոլ Փաշինյանը: Անարժան ու ողորմելի է այն իշխող վերնախավը, որն իր գործած ապօրինություններով հեղափոխություն է հասունացնում ու պայթեցնում սեփական երկրում: Երիցս անարժան ու ողորմելի է երկրի ողջ քաղաքական դասը, եթե այն աստիճան կույր է և խուլ, որ սեփական պետությունը դարձնում է օտար շահերի բախման մի այնպիսի ասպարեզ, որտեղ բոլոր զոհերն ու կորուստները մեր հաշվին են լինելու:

– Այս օրերին մենք ականատես ենք լինում չափազանց մեծ ռուսական ներգործություն Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա։ Ձեր կարծիքով՝ այս ներգործությունը ինչպե՞ս կազդի կարգավորման գործընթացի վրա։

– Այս կարգի անթաքույց միջամտությունը միայն մեկ արդյունք կարող է տալ` կխորանա այն վիհը, որ արդեն իսկ գոյացել է իշխանության և քաղաքացիների միջև, կձևավորվի այն համոզմունքը, որ այժմյան Հայաստանի ի պաշտոնե կառավարիչները պատրաստվում են օտար սվինների օգնությամբ պահպանել սեփական իշխանությունը: Կարծում եմ, որ այսօրինակ միջամտություն իրականացնողները չեն կարող չգիտակցել, որ հենց այս արդյունքն են ստանալու: Ուրեմն ուզում են այն ստանալ:

Ամբողջությամբ՝ 1in.am



Նման նյութեր