Մուլտֆիլմի այդ սերիան ներառվել է YouTube ալիքում` հարթակի գոյության ժամանակահատվածում ամենաշատ դիտում ունեցող տեսանյութերի տասնյակում։
«Մաշան ու արջը» ռուսական հայտնի մուլտֆիլմի սերիաներից մեկը YouTube ալիքում ավելի քան 3 մլրդ դիտում է ունեցել և ամենաշատ դիտվող տեսանյութերի ցանկում 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում, հայտնել են նախագծի մամուլի ծառայությունից։
«Այսօր միակ անիմացիոն տեսահոլովակը, որ ներառվել է YouTube ալիքի` հարթակի գոյության ընթացքում ամենաշատ դիտվող տեսանյութերի լավագույն տասնյակում, «Մաշա պլյուս կաշա»-ն է, որն ավելի քան 3 մլրդ դիտում է ունեցել։ Ավելին` «Մաշա պլյուս կաշա» դրվագը YouTube-ի ամենաշատ դիտվող տեսանյութերի ցանկում 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում», — գրված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Անիմակորդ» ստուդիայի «Մաշան ու արջը» ռուսական մուլտսերիալն առաջին անգամ լույս է տեսել 2009 թվականին և այսօր համաշխարհային ֆենոմեն է դարձել. այն վաճառվել է գրեթե բոլոր աշխարհամասերում և ամենուր մեծ հաջողություն է վայելում։ Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում դիտումների ընդհանուր քանակը YouTube-ի ալիքում գերազանցում է 35 մլրդը։