Ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում ավտոմեքենան մոտ 320 մետր գահավիժել է անդունդը և կան վիրավորներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Միրզոյանի գլխավորությամբ: Փրկարարները՝ մեծ թվով քաղաքացիների օգնությամբ, մեծ դժվարությամբ, նաև վտանգելով իրենց կյանքը, անդունդից դուրս են բերել 3 վիրավորներին, ովքեր նախ՝ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել օպերատիվորեն ժամանած Արարատի հիվանդանոցի բժիշկների կողմից, և տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր են նաև ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորներից մեկին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Տ. Գրիգորյանը:
Պարզվել է, որ «Nissan X-Trail» մակնիշի 001 QQ 24 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գահավիժել անդունդը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներն են. Երևան քաղաքի բնակիչներ` 35-ամյա Վիկտոր Միխայլովը, 38-ամյա Անահիտ Զաքարյանն ու 43-ամյա Արման Երիցյանը:
Ըստ տեղեկությունների, նրանցից մեկը մասնագիտությամբ օպերատոր է, մեկը՝ ռեժիսոր, մեկն էլ՝ ադմինիստրատոր: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գեղամ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ ավտոմեքենայում եղել է նաև շուն, և երբ մեքենան գահավիժել է անդունդը, շունը դուրս է եկել ճանապարհ և իր հաչոցներով գրավել վարորդների ուշադրությունը, և երբ վարորդները ավտոմեքենաները կայանել են ու մոտեցել շանը, շունը վազել է դեպի վթարի վայր ու այդ ժամանակ վարորդները նկատել են անդունդում գլխիվայր հայտնված ավտոմեքենան ու վիրավորներին: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: