Հայաստանում ստեղծված իրադրությունն ունի կարգավորման միայն մեկ տարբերակ՝ Սահմանադրության շրջանակում: Այլ ուղիներ չկան և չեն կարող լինել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բելառուսի Համազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
«Մենք պետք է բոլորս հարգենք Սահմանադրությունը: Իսկ Սահմանադրությունը հստակ ասում է՝ կա միայն մեկ բարձր մակարդակ՝ խորհրդարանը, որտեղ պետք է ընտրվի երկրի վարչապետը: Ոչ փողոցում, ոչ հավաքների ժամանակ կամ որևէ այլ շենքում, բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն խորհրդարանի շենքում: Ով էլ սահմանադրորեն ընտրվի վարչապետ, ես որպես պետության ղեկավար կստորագրեմ հրամանագիր տվյալ անձին վարչապետի պաշտոնում նշանակման վերաբերյալ, եթե իհարկե չլինեն սահմանադրության խախտումներ ընտրության գործընթացում»,-ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպիսի լուծում է նա տեսնում խնդրի համար՝ Սարգսյանը պատասխանել է. «Կա միայն մեկ ճանապարհ՝ սահմանադրական, այլ ուղիներ չկան և չեն կարող լինել: Ոչ ոք չի կարող և չպետք է բացի «Պանդորայի արկղը», այն արկղը, երբ մարդիկ կսկսեն չհարգել սահմանադրությունը: Եթե մեկ անգամ դա լինի, կլինեն երկրորդ, երրորդ նախադեպեր»:
Խոսելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառների մասին՝ նախագահն ընդգծել է, որ դա կոմպլեքս հարց է և պարզունակ չէ: Արմեն Սարգսյանը շեշտել է, որ ցանկացած փոփոխություն, որը կատարվում է երկրի մասշտաբով, շատ զգայուն է: «Կան արտաքին և ներքին ազդեցություններ, տնտեսական դժվարություններ, սոցիալական անարդարություն, կոռուպցիա: Երիտասարդները ցանկանում էին ավելի հստակ պատկերացում ունենալ իրենց ապագայի մասին: Կարծում եմ՝ սա կոմպլեքս հարց է, որը երկար տարիների ընթացքում կառավարության և ժողովրդի միջև երկխոսության բացակայության պատճառով ձևավորվել էր, իսկ այս պահին էմոցիոնալ առումով դուրս եկավ իր սահմաններից»,- ասել է Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ երկրում ընտրությունների անցկացում ՝ լինեն դրանք խորհրդարանական, թե նախագահական, ցանկացած գործընթացի համար կիզակետային պահ են հանդիսանում, էմոցիաներն ու դժգոհությունները ինքնարտահայտման հնարավորություն են ստանում: «Կարծում եմ՝ մեր դեպքը հենց այսպիսինն էր: Ցանկացած երկրում նման մասշտաբի քաղաքական բարեփոխումները հեշտ չեն տրվում: Անգամ ամենազարգացած և կայուն երկրներում ցանկացած քաղաքական բարեփոխում կամ փոփոխություն դյուրին չեն: Տեսեք Մեծ Բրիտանիային և «Brexit»-ը: Այն բացարձակ հեշտ չէ»,- նշել է ՀՀ նախագահը: