ԱԺ պաշտոնական կայքում թարմացվել է պատգամավոր, ընդդիմության առաջնորդ և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի էջը։ Մասնավորապես` լրացվել է խորհրդարանականի կենսագրությունը, փոխվել է լուսանկարը, նշվել է բուհից հեռացնելու պատճառը` «լրագրողական գործունեության պատճառով»։
Էջը խմբագրել են վերջին 24 ժամվա ընթացքում։ Փաշինյանին վերաբերող տեքստում ավելացվել են դրվագներ նրա քաղաքական կյանքից` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրում, արտաքին կապերի ու տարածքային կառավարման խորհրդարանական հանձնաժողովներին անդամակցությունը, ինչպես նաև խորհրդարանական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահություն։ ԱԺ-ի կայքում այս ամենի մասին մինչև այսօր գրված չէր։
Առավել նշանակալի փոփոխությունը, թերևս, այն է, որ նշվել է, թե ինչու են 1995թ-ին Փաշինյանին հեռացրել ԵՊՀ-ից։ Պաշտոնապես հաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանը դիպլոմ չի ստացել, քանի որ շատ բացականեր է ունեցել։ Այնուամենայնիվ, Փաշինյանին հեռացնելու իրական պատճառը նրա քննադատական հոդվածներն են եղել, որոնք դուր չեն եղել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանին։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանը, որը ուսման ընթացքում գերազանց գնահատականներ է ստացել, բացակաների պատրվակով հեռացվել է համալսարանից ավարտական քննություններից մի քանի օր առաջ։
Դեռ ապրիլի 29-ին Հայաստանի խորհրդարանի կայքում Փաշինյանի էջում ոչինչ գրված չէր հեռացման պատճառների մասին։
«1991թ. ընդունվել և 1995թ. հեռացվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետից (ժուռնալիստիկայի բաժին)», — դեռ երեկ գրված էր կայքում։
Նորացված տարբերակում տեքստում արդեն ավելացվել է պատճառը։
«1991թ. ընդունվել և 1995թ. լրագրողական գործունեության պատճառով հեռացվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետից (ժուռնալիստիկայի բաժին)»։
Բացի այդ, կայքի խմբագիրները փոխել են Նիկոլ Փաշինյանի լուսանկարը` փոխարինելով ավելի նորով։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Հայաստանում քննարկվում է Նիկոլ Փաշինյանի դիպլոմ չունենալու հարցը։ Պատգամավորն ապրիլի 28-ին արձագանքել է շրջանառվող լուրերին և ապացուցել, որ իսկապես դիպլոմ չունի։ Բացի այդ, նա ցույց է տվել ստուգման գրքույկի լուսանկարները, որոնցում երևում են Փաշինյանի գնահատականները։ Բոլոր առարկաներից նա բացառապես «գերազանցներ» է ստացել։