euromag.ru-ն անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին, նշելով, որ Նիկոլ Փաշինյանը շաբաթվա մարդ է: Հոդվածագիրը անդրադարձել է քաղաքական իրավիճակին, գրելով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին, մեջբերել է հատվածներ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսից.
«Եթե Կարապետյանը դառնա վարչապետ, ժողովուրդն իրեն հաղթող չի զգա: Եթե որևէ մեկը կարծում է, թե մենք կնահանջենք՝ սխալվում է: Մենք դա չենք անի: Հարցը նրանում չէ, թե ով կդառնա վարչապետ, այլ՝ ինչպես ենք հաղթահարելու Հայաստանի ճգնաժամը»,- հայտարարել է Փաշինյանը:
Ընտրության օրը, մայիսի 1-ին, նա կոչ է արել ժողովրդին զանգվածաբար փողոց դուրս գալ:
Նիկոլ Փաշինյանը մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին: Ըստ նրա, Ռուսաստանը հարգում է միջազգային իրավունքը և չի խառնվում Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին: Նա հավելել է, որ ռուսաստանաբնակ հայերի 90 տոկոսը սատարում է շարժումը:
Այդուհանդերձ, Փաշինյանը բազմիցս մեղադրել է Ռուսաստանին՝ Հայաստանի հանդեպ ճնշումների համար: Այսպես, օրինակ՝ ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո նա հայտարարել է, որ անդամակցությունը կամավոր չի եղել, այլ՝ ստիպողաբար: Փաշինյանը ռուս-հայկական հարաբերությունները նկարագրել է նաև իբրև ասողի և լսողի հարաբերություններ: Փաշինյանը մեղադրել է Սերժ Սարգսյանին, որ վերջինս աչք է փակում Լեռնային Ղարաբաղի հարցում, երբ Ռուսաստանն օգնում է Ադրբեջանին:
Պետք է նշել, որ Սարգսյանի դեմ բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 160 000 մարդ, բնակչության մոտ 6 տոկոսը:
«Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Նա կարողացավ տասնյակ հազարավոր մարդկանց փողոց հանել, որոնք հասան իշխանությունների կողմից իրենց հանդեպ հարգանքին: Պայքարը, սակայն, ավարտված չէ»,- գրել է euromag.ru-ն:
Ամբողջությամբ՝ euromag.ru