Այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց նրան վերագրվող մի հայտարարություն. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին։ Մերը թողած, ուզում ենք տերը լինել ուրիշի»։
Պատգամավորը փորձեց հասկանալ՝ արդյոք այսօր ևս վարչապետի թեկնածուն նույն կարծիքի է։
Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ այդ մեջբերումը իր լուսանկարով սոցիալական ցանցերում տարածվում է արդեն հինգ տարի ու ավելին՝ նշվում է, որ այդ միտքը գրել է «Հայկական ժամանակի» կոնկրետ օրվա, կոնկրետ հոդվածում։
«Այս ընթացքում ես 15 անգամ հրապարակել եմ այդ օրվա համարի լուսապատճենը, որտեղ ձեր ասած որևէ նախադասություն գոյություն չունի։ Ցավում եմ, որ սա իմանալով, սոցիալական ցանցերում ակտիվ լինելով, մի՞թե չեք նկատել այդ հոդվածի լուսապատճենը։ Եվ հիմա եկել եք, Ազգային ժողովի նիստում զբաղված եք դեզինֆորմացիա տարածելով։ Եթե դուք կամ որևէ մեկը մեր գործունեությունը ներկայացնի ազգային, պետական շահերին հակասող, ես ասում եմ, որ շատ լուրջ հիասթափություն է սպասվում», – արձագանքեց վարչապետի թեկնածուն։
Ի պատասխան՝ Արման Սաղաթելյանն ասաց, որ իր կարծիքով, ապագայում կարող են մասնագիտական քննարկում ունենալ այս օրերին ու ընդհանրապես, տարածվող ապատեղեկատվության, քարոզչամիջոցների մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառման մասին։ «Իմ հարցը որևէ ենթատեքստ չուներ և փորձում էի հասկանալ իրականությունը», – հստակեցրեց Սաղաթելյանը։ Այդուհանդերձ, պատգամավորը թեկնածուից ճշտեց՝ ինչպե՞ս է պատկերացնում ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում փոխզիջումը։ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ փոխզիջման մասին խոսելը, երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, անընդունելի է։ «Այդ պայմաններում մենք պետք է խոսենք սեփական երկրի պաշտպանունակության բարձրացման մասին», – հավելեց նա։