Ապատեղեկատվություն տարածելու կարիք չկա, ահա Փաշինյանի այդ հոդվածը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ապատեղեկատվություն տարածելու կարիք չկա, ահա Փաշինյանի այդ հոդվածը

Այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց նրան վերագրվող մի հայտարարություն. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին։ Մերը թողած, ուզում ենք տերը լինել ուրիշի»։

Պատգամավորը փորձեց հասկանալ՝ արդյոք այսօր ևս վարչապետի թեկնածուն նույն կարծիքին է, ինչին ի պատասխան  Փաշինյանը հայտարարեց, որ այդ մեջբերումը իր լուսանկարով սոցիալական ցանցերում տարածվում է արդեն հինգ տարի ու ավելին՝ նշվում է, որ այդ միտքը գրել է «Հայկական ժամանակի» կոնկրետ օրվա, կոնկրետ հոդվածում։

«Այս ընթացքում ես 15 անգամ հրապարակել եմ այդ օրվա համարի լուսապատճենը, որտեղ ձեր ասած որևէ նախադասություն գոյություն չունի։ Ցավում եմ, որ սա իմանալով, սոցիալական ցանցերում ակտիվ լինելով, մի՞թե չեք նկատել այդ հոդվածի լուսապատճենը։ Եվ հիմա եկել եք, Ազգային ժողովի նիստում զբաղված եք դեզինֆորմացիա տարածելով։ Եթե դուք կամ որևէ մեկը մեր գործունեությունը ներկայացնի ազգային, պետական շահերին հակասող, ես ասում եմ, որ շատ լուրջ հիասթափություն է սպասվում», – ասաց Փաշինյանը։

Ի պատասխան՝ Արման Սաղաթելյանն ասաց, որ իր կարծիքով, ապագայում կարող են մասնագիտական քննարկում ունենալ այս օրերին ու ընդհանրապես, տարածվող ապատեղեկատվության, քարոզչամիջոցների մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառման մասին։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում այս հարցուպատասխանից հետո մի շարք օգտատերեր հրապարակեցին «Հայկական ժամանակ» օրաթերթում Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ տպագրված նշյալ հոդվածը, որից մեջբերում էր կատարել ՀՀԿ-ական պատգամավորը:

«Սա այն հոդվածն է, որը Նիկոլ Փաշինյանը գրել է 23.05.2001-ին։ Ապատեղեկատվություն տարածելու կարիք չկա»,-գրել է Մարինե Մանուչարյանը՝ հրապարակելով այդ հոդվածի լուսանկարը: