Խորհրդային հայտնի զորահրամանատար, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը ճիշտ չի համարում անցումը կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանական հանրապետության՝ ասելով, որ Հայաստանը պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, և խորհրդարանաը չի կարող «կառավարել պատերազմը»: Այնուամենայնիվ, նա աջակցում է Հայաստանի քաղաքացիների ընդվզումը Սերժ Սարգսյանի և ներկայիս իշխող համակարգի դեմ և բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանին, որը կարողացավ լավ կազմակերպել ցույցերը և թույլ չտալ արյունահեղություն: Այնուամենայնիվ, անվանի գեներալը չցանկացավ բացել փակագծերը և հրապարակային խոսել այն մասին, թե ինչ խորհուրդներ կտա Հայաստանի նոր կառավարությանը՝ բանակի և պաշտպանության ամրապնդման մասով:
Ստորև ներկայացնում ենք Նորատ Տեր-Գրիգորյանցի պատասխանը «Առաջին լրատվական»-ի հարցին:
– Պարոն Տեր-Գրիգորյանց, ըստ ամենայնի՝ Հայաստանը կունենա նոր՝ ժամանակավոր կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ: Ի՞նչ խորհուրդներ կարող եք նրան տալ Հայաստանի զինված ուժերի մարտունակության բարձրացման, երկրի պաշտպանունակության և անվտանգության ամրապնդման առնչությամբ:
– Ես չգիտեմ՝ կոռե՞կտ է արդյոք նոր վարչապետին հուշելը կամ խորհուրդներ տալը: Ես չգիտեմ՝ ով կլինի նոր վարչապետը: Դա կորոշի խորհրդարանը: Իմ կողմից դա կոռեկտ չի լինի: Ես չեմ ուզենա իմ մտքերը հայտարարել ի լուր աշխարհի, որովհետև իմ առաջարկները շատ հզոր են, պետքական և վտանգավոր հակառակորդի համար: Ես դա կասեմ անձամբ իրեն և անձամբ պաշտպանության նախարարին, երբ նա կդառնա վարչապետ, որովհետև ես նման բաները ասել եմ անձամբ նախագահին՝ Սերժ Սարգսյանին: Նման բաներ ես ասել եմ Արցախի նախագահին և սպաներին, երբ նախորդ տարվա մայիսին ելույթ էի ունենում Շուշիում:
Մի անգամ ինձ լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչ կարծիք ունեմ այն մասին, որ Հայաստանը նախագահական համակարգից անցնում է խորհրդարանականի: Ես պատասխանեցի, որ հայ ժողովուրդը որոշել է այդ հարցը, բայց իմ կարծիքով, ռազմական տեսանկյունից՝ նախագահականից խորհրդարանական հանրապետության անցնելը կոպիտ սխալ էր, որովհետև Հայաստանը և Արցախը պատերազմի մեջ են հարևան պետության հետ:
Հայաստանը բլոկադայի մեջ է, իսկ բլոկադան ռազմական տերմինաբանությամբ հարևան պետության զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքը և ժողովրդին շրջափակման մեջ պահելն է: Իսկ դա պատերազմ վարելու միջոցներից մեկն է, դա պատերազմի վիճակն է: Այս իրավիճակում պետությունը ղեկավարում է գերագույն հրամանատարը՝ երկրի նախագահը, բայց ոչ խորհրդարանը: Դա երևաց հատկապես հիմա, երբ պարոն Փաշինյանը կազմակերպեց ժողովրդին իշխանական կառույցների դեմ: Դուք նկատեցի՞ք, որ նույնիսկ խորհրդարանի շունչը չզգացվեց այդ ցույցերի ժամանակ: Դուք տեսե՞լ եք որևէ պատգամավորի, որ նա կողմ կամ դեմ լինի, մասնակցի գործընթացին կամ ինչ-որ բան անի: Ուրեմն պատերազմի ժամանակ խորհրդարանը որևէ բան չի անելու, որովհետև պատերազմը չի կառավարվում հանրության կողմից: Սա գլխավոր սխալն է:
Ամբողջությամբ՝ 1in.am