ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը Գրիգոր Ավալյանը:
«Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Ավալյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված», – ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր կայացած ԱԺ հատուկ նիստում, որտեղ քննարկվում էր վարչապետի թեկնածուի հարցը, Ավալյանը բացակա պատգամավորների թվում էր: