Երգիչներ Արամոն, Ալլա Լևոնյանը, Մաշա Մնջոյանը, ոճաբան Արմեն Գալյանը և «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանն ընդգրկվել են «Եվրատեսիլ 2018»-ի հայաստանյան ժյուրիի կազմում:
Eurovison.tv-ն հաղորդում է, որ յուրաքանչյուր երկրի ժյուրիի կազմը բաղկացած է 5 անդամներից: Նրանք գնահատում են մասնակիցների վոկալային հնարավորությունները, բեմում ելույթը, երգը, դրա յուրահատկությունները և առհասարակ ելույթի ստացած տպավորությունը:
Հայեր կան նաև Բելառուսի և Ուկրաինայի ժյուրիի կազմում: Նրանք են երգչուհի Իսկուհի Աբալյանը և պրոդյուսեր Արթուր Դանիելյանը:
Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը կներկայանա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 8-ին: Սևակը հանդես կգա 16-րդ համարի ներքո: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ 12-ին:
Ապրիլի 30-ին կայացել է Սևակ Խանաղյանի Լիսաբոնի եվրատեսիլյան բեմում առաջին փորձը: Այնուհետև նա պատասխանել է լրագրողների հարցերին:
Անդրադառնալով իր հայալեզու երգին` Հայաստանի ներկայացուցիչը նշել է, որ իր համար շատ կարևոր է սկզբից մինչև վերջ հայերեն երգելը, որովհետև «Եվրատեսիլն» այն մրցույթն է, որի ընթացքում երկրները կիսվում են իրենց մշակույթով: Ըստ երգչի`դա լավագույնս կարելի է անել հենց լեզվի միջոցով:
«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիսաբոնում: Մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: «All Aboard» թեմատիկ նշանաբանի ներքո բոլորը հրավիրվում են Եվրոպայի երաժշտության տոնին: