Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի քիչ տրամաբանական դիտարկում անքունների համար: Եթե Նիկոլ Փաշինյանի միջանկյալ նպատակը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են, ապա նա շատ մոտ է դրա իրականացմանը:
Արդեն 7 օր հետո, երբ նրա թեկնածությունն առաջ կքաշեն 3 խմբակցությունները, իսկ մեկը ամենայն հավանականությամբ կրկին չի հաստատի, Ազգային ժողովի ինքնաարձակումը իրականություն կդառնա, և ընտրությունները, ըստ Սահմանադրության, պիտի անցկացվեն հուլիսի 14-ից`Բաստիլի գրավման օրվանից ոչ ուշ:
Կներեք, սխալվեցի. Հայաստանում Սահմանադրության օրվանից`հուլիսի 5-ից ոչ ուշ, 45 օր:
Որքան որ ես հասկանում եմ, նրան ձեռք չեն տա ընտրությունները, եթե դրանք անցկացվեն ներկայիս, նույնպես ժամանակավոր կառավարության կողմից: Եթե դա այդպես է, ապա ես չեմ տեսնում, թե ինչու չի կարելի շատ բաների, եթե չասենք այդ ընտրություններին վերաբերող ամեն ինչի մասին պայմանավորվել:
Միգուցե ես իմ եթովպիական հեռուներից շատ բան չեմ հասկանում: Շատ հնարավոր է: Այդ դեպքում թավշյա հեղափոխության, սիրո, խաղաղության ու համաձայնության (առանց հեգնանքի) կողմնակիցներ, ինձ այստեղ կամ անձնական հաղորդագրությամբ գրեք`ինչից են վախենում շարժման առաջնորդները, եթե անց են կացվում արտահերթ ընտրություններ, սակայն առանց Նիկոլ Փաշինյանի`վարչապետի աթոռին նստելու: Ինչ կպատահի»: