Բողոքի շարժման առաջնորդ, Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կմտածի վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը կրկին առաջադրելու հարցի մասին։ Այդ մասին նա ասել է Reuters գործակալությանը։
«Մենք կմտածենք և կքննարկենք», — ասել է Փաշինյանը` մեկնաբանելով ևս մեկ անգամ առաջադրվելու հնարավորությունը։
Հայաստանում բողոքի ակցիաների առաջնորդը հնարավոր է համարում այն սցենարը, որի դեպքում նրա շարժումը կարող է բոյկոտել ընտրությունները, եթե խորհրդարանը լուծարվի։ Սակայն ամեն ինչ կախված կլինի ընթացիկ իրավիճակից։
«Հիմա չեմ կարող հստակ ասել», — ասել է Փաշինյանը։
Ընդդիմադիրը նշել է, որ մտադիր չէ հանձնվել։
«Իմ միակ ուժն իմ ժողովուրդն է։ Մենք չենք հանձնվի, մենք կշարունակենք գործադուլը և անհնազանդությունը», — հայտարարել է նա։
Նշենք, որ խորհրդարանում վարչապետի թեկնածության հաջորդ քվեարկությունը տեղի կունենա մայիսի 8-ին։ Այս անգամ երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար նա պետք է ստանա պատգամավորների մեկ երրորդի` 32 խորհրդարանականների աջակցությունը։ Քվեարկության կարգը չի փոխվում։
Եթե ԱԺ-ն նորից չկարողանա վարչապետ ընտրել, ապա Ազգային ժողովը կլուծարվի, և 40 օրվա ընթացքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն։
Մայիսի 1-ին «Ելք» խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանն ու բոլոր փողոցները և տոտալ դասադուլ ու գործադուլ անել։
Փաշինյանը նման կոչ արեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «դեմ» քվեարկեց վարչապետի պաշտոնում նրա ընտրության ժամանակ։