Սերժ Թանկյանի ֆեյսբուքյան գրառումը azatutyun.am-ը ներկայացրել է թարգմանաբար.
Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը խոստանում է շուտով լինել Հայաստանում և կոչ է անում փողոցներ դուրս եկած ցուցարարներին շարունակել պայքարը:
«ՀՀԿ-ն, որ իշխում էր Հայաստանում անցած 20 տարիներին, դրժեց ժողովրդի թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի ընտրությանը չխոչընդոտելու իր խոստումը», – գրել է Թանկյանը` հավելելով.- «Նրանք փորձում են ժամանակ ձգել և գործարքների գնալ, որպեսզի իրենց առաջնորդները, որոնք կողոպտել են երկիրը տարիներ շարունակ, անձեռնմխելիություն ստանան ու պատասխան չտան իրենց արածների համար»:
«Ժողովուրդը դա չի տանի, ժողովրդական շարժմանը դիմակայելն ապարդյուն է», – պնդում է հանրահայտ երաժիշտը՝ դիմելով Երևանի Հանրապետության հրապարակում հավաքվածներին. – «Հայաստանի հաղթանակած եղբայրներ ու քույրեր: Ես շատ տխուր եմ, որ մինչև այսօր չեմ կարողացել անձնապես միանալ ձեզ՝ ահավոր վիրուսի պատճառով, սակայն ուշի ուշով հետևել եմ ձեզ և մեկնաբանություններ արել, երբ զգացել եմ, որ դա կարող է փոփոխություն բերել: Խոստանում եմ շուտով այդտեղ լինել»:
«Մի հուսահատվեք, անկախ այն բանից՝ ընտրությունները կանցկացվեն 30, 60 թե 100 օրից: Հավատացեք ինձ՝ արդարությունը կհաղթի, ինչպես միշտ», – հայտարարել է Թանկյանը, միաժամանակ նկատելով՝ դա շատ հազվադեպ է տեղի ունենում խորհրդարանի դահլիճներում: «Այսօր ձեր անհավանական հաղթանակով ու քաղաքացիական անհնազանդությամբ ողջ աշխարհն է հիացած, եկեք շարունակենք այդ ճանապարհը: Սիրեմ ձեզի», – եզրափակել է աշխարհահռչակ երաժիշտը:
Ավելի ուշ Թանկյանի ֆեսյբուքյան էջում հրապարակվել է նրա, Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի, Վահե Բերբերյանի և Էրիկ Նազարյանի համատեղ կոչը, որով սփյուռքահայ արվեստագետները իրենց համերաշխությունն են հայտնում Հայաստանում սկսված շարժմանը՝ այն որակելով որպես ժողովրդավարական գործընթացի հստակ հաղթանակ:
Խորհրդարանական երեկվա քվեարկությունից առաջ տարածված ուղերձում հանրահայտ արվեստագետները նշում են. – «Հստակ է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի ընտրվելու, սակայն վստահ ենք, որ փոփոխությունների համար սկսված այս շարժումը կշարունակվի և է՛լ ավելի կուժեղանա»:
«Ձեր համերաշխությունը և նպատակին հասնելու միասնությունը նոր ճանապարհ են բացել Հայաստանում իրական ժողովրդավարական փոփոխության հասնելու համար», – հայտարարել են սփյուռքահայ արվեստագետներն ու հորդորել ցուցարարներին չկորցնել սառնասրտությունը: «Տեղի մի տվեք զայրույթին ու հիասթափությանը և պահպանեք ձեր դրական դիրքորոշումը: Հաղթողները չեն կորցնում իրենց սառնասրտությունը, արդարությունը կհաղթանակի, մենք ձեզ հետ ենք», – ասված է սփյուռքահայ հինգ հայտնի արվեստագետների՝ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի, կինոռեժիսորներ Ատոմ Էգոյանի, Էրիկ Նազարյանի, դերասաններ Արսինե Խանջյանի ու Վահե Բերբերյանի համատեղ ուղերձում: