«Երևանը շենքերի մեջ խեղդվում է»
Advertisement 1000 x 90

«Երևանը շենքերի մեջ խեղդվում է»

Հանրահայտ օպերային բաս երգիչ Բարսեղ Թումանյանը Հայաստանում է ապրում, հրավերներով աշխատում է աշխարհի տարբեր թատրոններում: Նա անիմաստ է համարում Եվրոպայում մշտական ապրելը. միևնույն է, կյանքի մեծ մասը շրջագայելով է անցնում: «25 տարի ես չվելով եմ ապրում, որտեղ էլ որոշեի մշտական ապրել, չէր ստացվի: Լոնդոնի իմ բնակարանը վաճառեցի, տեսա, որ ավելորդ է՝ միևնույն է, այնտեղ չէի ապրում»,- ասաց նա: Քանի որ Երևանի Օպերային թատրոնում իր ձայնին համապատասխան օպերա չի բեմադրվում, նա թատրոնի բեմում չի երգում: Սակայն մայիսի 18-ին Բարսեղ Թումանյանը երգեց Հայաստանի Պատկերասրահի միջնադարյան արվեստի սրահում:

Օպերային արիաներից կազմված ծրագիր երգիչները հաճախ են երգում: Դա ավելի լա՞վ է ընդունվում:

– Արիաներ են երգում, որովհետև դրանք օպերայի ամենագեղեցիկ կտորներն են: Թատրոնում էլ է այդպես, դերասանները հաճախ մենախոսություններն են կարդում: Բացի այդ, օպերան շատ ծայրահեղ դիապազոն ունի՝ կամ պետք է իդեալական լինի, կամ պետք է ընդհանրապես չլինի:

Փաստորեն անպայման չէ՞, որ մենք օպերային թատրոն ունենանք:

– Շատ երկրներ կան, որոնք օպերային թատրոն չունեն: Ճապոնիայում, օրինակ, չկա օպերային թատրոն: Չինաստանը ունի օպերային թատրոն, բայց չինացիները երբեք իրենց արվեստը դուրս չեն հանում, օպերան ներսում են պահում: Իսկ եվրոպացիներն առանց դասական երաժշտության իրենց կյանքը չեն պատկերացնում: Ամեն շաբաթ կամ երկու շաբաթը մեկ օպերա են գնում: Եթե նույնիսկ թատրոն չեն գնում, ապա իրենց տուն են հրավիրում երգիչներին և փոքրիկ համերգ կազմակերպում: Դա քեֆ անելու համար չեն անում, այլ՝ լսելու և նաև երգիչներին օգնելու: Գերմանիայում 60-ից ավելի օպերային թատրոններ կան: Մեզ մոտ որքան ռաբիս երաժշտություն սիրող կա, այնքան էլ Եվրոպայում օպերա սիրող կա:

Ունենալով լավ ձայներ, ինչո՞ւ չի ստացվում լավ թատրոն ունենալ:

– Մենք հրաշալի, չքնաղ ձայներ ունենք: Գերմանիան, Ֆրանսիան այդքան լավ ձայներ չունեն, որքան մենք: Մենք պարզապես եվրոպական կուլտուրայից հեռու ենք: Նյութ ունենք, բայց պրոպագանդող չունենք: Մոդա դարձել է ռաբիսը: Շատերն ասում են՝ օպերային, սիմֆոնիկ երաժշտությունը չեն հասկանում: Բայց հասկանալու խնդիր չկա: Երաժշտությունը պետք է պատկերացնել: Սիմֆոնիկ երաժշտություն լսելիս՝ պետք է փակել աչքերը ու երազել: Երաժշտության մեջ պետք է քո երազանքները տեսնես: Ժողովուրդը, իհարկե, ուզում է լավ երաժշտություն լսել: Աշխարհում այնքան շատ կուտակված երաժշտական նյութ կա: Ներկայացնել է պետք: Մենք շատ ետ մնացինք: Մենք մոտ 20 խոշոր կտավի օպերաներ ունենք, որոնցով կարող ենք հպարտանալ, իսկ Իսպանիան, օրինակ, ոչ մի հայտնի օպերա չունի: Հայերը չգիտեն իրենց արժեքների մասին: Մեր օպերաները Եվրոպայում չեն բեմադրվում: Դա մեզանից է կախված: Օրինակ, «Ալմաստ» օպերան հանգիստ կարելի է միջազգային բեմ հանել: Իսկ մենք մտածում ենք՝ տանենք «Անուշը», որ հայերը գան լսեն: «Ալմաստը» կարելի է և՛ հայերեն, և՛ ռուսերեն ցուցադրել Եվրոպայում և տարբեր երկրների մենեջերների հրավիրել, հաստատ այդ օպերան բեմադրել ցանկացողներ կլինեն: «Բորիս Գոդունովը» շատ երկրներում է բեմադրվել: Իսկ մենք մեր արժեքները չենք ներկայացնում:

Ինչո՞ւ:

– Դե, բարեկամներ են, ծանոթներ են… Կուլտուրայի օրեր են անում իրենք իրենցով, չհասկանալով, որ ծանոթության միջոցով ոչ մի բանի չեն հասնի: Երբ Իտալիայում էի աշխատում, հայտնի օպերային բեմադրիչ Յուրի Ալեքսանդրովն ինձ ասաց, որ երազում է արևելյան որևէ օրիգինալ օպերա բեմադրել: Նա մեծագույն հաճույքով կբեմադրեր «Ալմաստը», բայց Հայաստանից հրավեր չեղավ, և նա գնաց Ղրղըզստան և այնտեղ իրենց նյութի հիման վրա փայլուն բեմադրություն արեց: Նրան հրավիրելը իմ առաքելությունը չէր, դա պետք է թատրոնի տնօրինությունը աներ: Ընդ որում, ոչ միշտ են երգիչները ու բեմադրիչները մեծ գումար պահանջում: Շատերը պատրաստ են գալ տեսնելու, ծանոթանալու համար:

Ձայներ կան, որ գերում են, և ձայներ կան, որոնք անտարբեր են թողնում:

– Ձայնի ետևում պետք է ինտելեկտ լինի: Նույնիսկ, երբ մարդը պարզապես խոսում է, ձայնի տեմբրից կարելի է մարդու տեսակը հասկանալ: Լսելով, թե ինչպես է մարդը կառուցում ֆրազները, դասավորում մտքերը, կարող ես նրա ինտելեկտը տեսնել: Լուրջ կտավ ստեղծելու համար ահռելի բազա պետք է ունենաս: Լեոնարդոյի նման նկարել կամ Շեքսպիրի նման գրել կարելի է, աշխատանք է պետք, վարպետություն: Այդ պատճառով էլ կան ստեղծագործողներ, և կան միայն կատարողներ: Ամեն ինչ քո ձեռքում է: «Օպերա» բառը իտալերեն լեզվով աշխատանք է նշանակում: Ամենաբարձր երգիչը պետք է այնպիսի տպավորություն ստեղծի, որ նա ոչ մի տեղ էլ չի սովորել: Լավ դպրոցը չպիտի երևա, և մարդիկ կարծեն, որ երգիչը պարզապես բերանը բացում ու երգում է: Վարպետությունը դրա մեջ է:

Ձեր դերերը միշտ տարբե՞ր են:

– Ես «Ֆաուստում» մոտ տասը տեսակի Մեֆիստո եմ երգել, ու բոլոր Մեֆիստոներն էլ տարբեր են: Կան դերեր, որոնք կարող են հոգնեցնել, ես վերջերս հրաժարվում եմ Էսկամիլիո երգել, այդ դերի մեջ նյութ չկա: Իսկ Մեֆիստոյի մեջ միշտ նոր բան եմ գտնում: Այդ դերի մեջ ինձ՝ ինչպես ձուկը ջրում եմ զգում:

Դուք ունեք նաև մեկ այլ աշխատանք-հոբբի՝ գորգագործություն:

– Գորգագործությամբ ես զբաղվում եմ 1988 թվականից: Սկզբում փոքրիկ լաբորատորիա ստեղծեցի, ինձ բիզնեսը չէր հետաքրքրում, այլ գորգարվեստը: Հոյակապ խումբ ունեինք, ուսումնասիրում էինք նախշերը, հերալդիկան: Գորգ ստեղծելիս մենք երբեք չենք կրկնօրինակել, այլ ստեղծել եմ 21-րդ դարի գորգեր: Հիմա ես Իսպահան քաղաքում ունեմ փոքրիկ արտադրություն և գործում եմ շատ բարձր որակի մետաքսե գորգեր: Հայաստանում լավ աշխատելու համար պայմաններ չկան:

Երևանը փոխվե՞լ է:

pizap.com14712548538201-768x576

– Երևանը շենքերի մեջ խեղդվում է, Հյուսիսային պողոտայի կառուցման հետ կարծես կորել է ազատությունը: Մարդիկ էլ են փոխվել՝ ագրեսիվ են դարձել: Միմյանց սիրել պետք չէ, գոնե իրար հարգանքով վերաբերվել է պետք: Արվեստագետի նեգատիվ վերաբերմունքը, ուզի նա թե չուզի, սկսում է իր արվեստի մեջ երևալ: Արվեստի մարդը պետք է իր արվեստով զարմացնի, այլ ոչ թե հագուստով կամ թանկ մեքենաներով: Դա արևելյան մտածելակերպ է: Լոնդոնում եթե թանկ Ferrari-ով մարդ են տեսնում, ասում են՝ ուրեմն, արաբ է կամ հնդիկ: Լուրջ մեծահարուստ անգլիացիներին տեսնելով, երբեք չես մտածի, որ նա մուլտիմիլիոներ է: Մեզ մոտ ամեն ինչը ցուցադրական է, հարստությունն էլ է ցուցադրական:

Ի՞նչ է պետք անել մշակութային կյանքը զարգացնելու համար:

– Մեզ հիմա գեղեցիկ, լավ պրոֆեսիոնալ փառատոներ է պետք անել: Իսկական մրցույթներ, այլ ոչ ձևական: Պետք է գլխավորը զատենք երկրորդականից, տեսնենք՝ ում է պետք օգնել, ով է լավը: Ավելի լավ է տաղանդավոր երեք հոգու ֆինանսավորել և սովորելու ուղարկել, քան նեղ ազգային փառատոներ անել: Ժամանակը կգա, ու նրանք կվերադառնան, պետք չէ վախենալ, որ ետ չեն գա: Ասում ենք՝ հայ ենք, ամենաթանկը հայկականն է: Այդ ազգայնամոլությունը սահմանափակում է: Եթե մտածելակերպը միջազգային չեղավ, ազգայինը չի կարող զարգանալ: Այսօր եթե պահպանեցիր, փայփայեցիր, գիտության կամ արվեստի մարդը կզարգանա և քոնը կլինի, այլ ոչ թե կգնա ու ուրիշ ազգերի համար որպես պարարտանյութ կծառայի:

Նունե Հախվերդյան

«168.am»