Բաց նամակ ՀՀ նախագահ պարոն Արմեն Սարգսյանին
Մեծարգո պարոն նախագահ
Ելնելով մի քանի հանգամանքներից՝ առաջարկում ենք չեղարկել 2017-ի՝ ՀՀ Նախագահի մրցանակաբաշխության արդյունքները, որոնք շնորհվելու են 2018 թ. մայիսի 28-ին:
Հանգամանքները հետևյալներն են՝
ա. ներքին շրջանակներում հայտնի է, որ առանձին հանձնաժողովների նախագահներ գործարքների մեջ են մտնում հեղինակների հետ, նախնական պայմանավորվածությամբ հրավիրում մրցույթի և նրանց օգտին որոշում կայացնում. սա մեր իրականության մեջ տեղ գտած արատավոր բարքերի հետևանք է,
բ. հանձնաժողովները, շատ դեպքերում, համալրված են հանձնաժողովների նախագահների կամակատարներով, որոնք վաղուց հեռացել են ժամանակակից արվեստի ու գիտության զարգացման կենդանի ընթացքներից և դժվար են կողմնորոշվում իրական արժեքների ընտրության հարցում. վաղուց հասունացել է ինչպես հանձնաժողովների նախագահներին, այնպես և անդամներին փոխելու ժամանակը, քանի որ նրանց հովանավորած միջակացված արժեքները փակում են իրական արժեքների ճանապարհը,
գ. ՀՀ Նախագահի մրցանակաբաշխությունն ամենամյա է. առաջարկում ենք՝ 2017-ին ներկայացված գործերը վերստին ներկայացնել 2018-ի առաջիկա մրցույթին՝ ներգրավելով նաև 2018-ի նոր հայցադիմումները:
Հատկապես այս օրերին, երբ մեր հանրությունը կանգնած է մաքրագործումների առջև, փորձելով ազատագրվել արատավոր անցյալի մնացուկներից, մաքրագործումների պահանջ ունեն նաև շնորհվող մրցանակները, պարգևները, մեդալները, ինչպես նաև գիտական աստիճաններն ու կոչումները, որոնք, որոշ ճարպիկ գործարարների «շնորհիվ», հանվել են վաճառքի:
Ստեղծագործ և գիտական մտավորականության մեջ դժգոհության նոր ալիք չբարձրացնելու նպատակով՝ կոչ ենք անում չանտեսել մեր առաջարկությունները:
Դավիթ Գասպարյան
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Կարո Վարդանյան
Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու