Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-ամյակի կապակցությամբ Երևանի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ երկրորդ անգամ կազմակերպվեց 89-րդ Թամանյան հայկական դիվիզիայի վարած մարտերից մեկի վերակերտումը:
Բեմականացված փոքրիկ մարտական դրվագում ուսանողները, հանդերձավորված այդ ժամանակին բնորոշ զինվորական հագուստներով, զենքերով, սկսեցին «մարտ» վարել:
«2017-ին ենք նախաձեռնել այս միջոցառումը: Այն բավականին մեծ արձագանք գտավ հանրության շրջանում, ուստի որոշեցինք ավանդական դարձնել: Մեծ թվով երիտասարդներ, մասնավորապես ուսանողներ, ցանկացան մասնակցել այս իրադարձությանը, կրել այդ տարիների հագուստը, զենքը»,- նշեց «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար պատմաբան Գևորգ Մելքոնյանը:
Նա հավելեց, որ հայ զինվորները մեծ ներդրում են ունեցել Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի և Եվրոպայի ազատագրման գործում:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Վոլինկինի ողջույնի խոսքն ընթերցեց դեսպանի ներկայացուցիչը: Դրանում ասվում էր, որ 89-րդ դիվիզիան հայկական վեց դիվիզիաներից մեկն է, որի անցած ռազմական ուղին քաջ հայտնի է բոլորին. հանուն Կովկասի մղված պայքար, Ստալինգրադի հերոսամարտ, Ղրիմում իրականացված հարձակողական գործողություններ, մասնակցություն Սևաստոպոլի ազատագրմանը, Բեռլինի գրավմանը:
Վոլինկինը շեշտել էր, թե հատկապես հաճելի է այն փաստը, որ նման միջոցառումներն անցկացնում են երիտասարդները, ովքեր գիտակցում են անմահ հերոսների հիշատակի պահպանման իրենց պատասխանատվությունը:
Ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) ասաց, որ մենք անկախ և հպարտ ազգ ենք և միշտ կարող ենք պաշտպանել մեզ, պայքարել նրանց դեմ, ովքեր կփորձեն սպառնալ մեր անկախությանը: Նրա խոսքով` այս օրն ապացուցում է դա: Մենք միշտ կարող ենք հաղթել ֆաշիզմին:
Միջոցառումը նախաձեռնել էր «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը` ՀՀ պաշտպանության նախարարության, Հայաստանի վետերանների միավորման ու Հայաստանի ազգային կինո կենտրոնի աջակցությամբ: